Ո՞վ է մոլորեցնում. արդյոք Սաղաթելյանը հայտնե՞լ է սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

«5-րդ ալիք»-ը հուլիսի 23-ին «Մանիպուլյացիայի զոհերը. ընդդիմությունը չի ասել, որ սեպտեմբերին վերադառնալու է ԱԺ» վերնագրով ռեպորտաժ էր հրապարակել, որում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը պնդում է, թե երբևիցե չի հայտարարվել, որ ընդդիմությունը սեպտեմբերին վերադառնալու է խորհրդարան։

«Մեդիամանիպուլյացիայի զոհ են դարձել բոլոր նրանք, ովքեր առանց լսելու Իշխան Սաղաթելյանի ուղիղ խոսքը, հավատացել են մամուլում հայտնված վերնագրերին, թե իբր Սաղաթելյանն ասել է, որ ընդդիմությունը սեպտեմբերին վերադառնալու է խորհրդարան […] Նման որոշում չկա, նման քննարկում չի եղել, նման բան չի հայտարարվել։ Խորհուրդ եմ տալիս մի քանի րոպե ուղղակի դիտել Իշխան Սաղաթելյանի հարցազրույցը»,- ռեպորտաժում ասում է Գեղամ Մանուկյանը։

Իրենք հայտարարում են՝ իրենք հերքում

Ընդդիմության՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու հրապարակումների սկզբնաղբյուրը Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանի՝ «Երկիր Մեդիա»-ին հուլիսի 21-ին տված հարցազրույցն էր։ Այն այսօր լսելով՝ մենք ևս չգտանք հատված, որում Սաղաթելյանը կհայտարարի սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին։

Հատկանշական է, սակայն, որ հակառակ Գեղամ Մանուկյանի և «5-րդ ալիքի» պնդումների, անգամ ՀՅԴ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հուլիսի 22-ին, Սաղաթելյանին հղում անելով, ընդդիմության՝ սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին գրառում է արվել։ Գրառումը մինչ այժմ տեղադրված է (արխիվացված) ՀՅԴ էջում։

Ըստ ՀՅԴ հրապարակման՝ Սաղաթելյանը պնդել է, թե գնալու են խորհրդարան՝ առանց «եթե»-ի։

Բացի այդ, լրատվամիջոցները, որոնք գրել էին (1,2,3) ընդդիմության սեպտեմբերին խորհրդարան վերադառնալու մասին, հղում էին արել փաստացի Դաշնակցությանը պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության և ՀՅԴ-ի հետ փոխկապակցված Yerkir.am կայքին, ինչպես նաև ՀՅԴ պաշտոնական կայքում տեղադրված հրապարակումներին։

ՀՅԴ կայքից հոդվածն արդեն հեռացված է, իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության և լրատվական կայքերում դրանք խմբագրվել են։ Այսպես, հոդվածներում նախապես նշված է եղել սեպտեմբերին խորհրդարան գնալու մասին պնդումը, սակայն հետո դրանք խմբագրվել են և հայտարարության մեջ ավելացվել է «եթե»-ն։

«Երկիր Մեդիա» կայքում հոդվածի նախնական և խմբագրված տարբերակները

Մեկնաբանում են Մանուկյանն ու «Երկիր Մեդիան»

#CivilNetCheck-ի հետ հեռախոսազրույցում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունից նախ կտրուկ հերքեցին, թե հոդվածները խմբագրվել են, այնուհետև, երբ ներկայացրինք փաստերը, ընդունեցին, որ խմբագրում եղել է։ Խնդրեցինք տրամադրել նաև Իշխան Սաղաթելյանի հետ հարցազրույցի բնօրինակը, սակայն մերժում ստացանք։

«Ինչ ասել է հրապարակված տեսանյությում է, միայն լրագրողի հարցերն են հանվել»,- նշեցին հեռուստաընկերությունից և հավելեցին, որ չեն ցանկանում մեկնաբանել, թե ինչու հրապարակման խմբագրված լինելու մասին չի նշվում հրապարակման մեջ։

Իշխան Սաղաթելյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, վերջինս չպատասխանեց հեռախոսազանգերին։ Գեղամ Մանուկյանն էլ #CivilNetCheck-ին հայտնեց, որ կծանոթանա նյութերին և ավելի ուշ կմեկնաբանի։

Այսպիսով, քանի որ «Երկիր Մեդիա»-ն չի տրամադրում հարցազրույցի բնօրինակը, դժվար է եզրակացնել՝ Իշխան Սաղաթելյանն արդյոք հայտարարե՞լ է սեպտեմբերին խորհրդարան վերառանալու մասին, թե ոչ։ Փաստենք, որ հենց ընդդիմությունն է հայտարարել այդ մասին՝ ՀՅԴ-ին պատկանող լրատվական կայքերով՝ այնուհետև խմբագրելով հրապարակումները։

Մեկնաբանել