Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են խաղաղության բանակցությունների և ԼՂ կարգավորման հարցերը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն ու Բլինքենը անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը վերաբերվող հարցերի: Մասնավորապես, քննարկվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, գերիների վերադարձի, անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանման հարցերը:

«Պետքարտուղար Բլինքենն ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող աջակցելու նշված բոլոր հարցերի լուծումներին: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է խաղաղության օրակարգին իր նվիրվածությունը և ընդգծել, որ Հայաստանի հանրությունն աջակցում է այդ ուղեգիծը»,- ասված է հաղորդագրությունում։

Վարչապետն ու պետքարտուղարը քննարկել են նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններում տեղի ունեցող գործընթացները: Բլինքենը ողջունել է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահի հուլիսի 11-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը և ԱՄՆ պատրաստակամությունն արտահայտել աջակցելու երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

Էնթոնի Բլինքենը հուլիսի 25-ին հեռախոսազրույց է ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է Թվիթերի իր էջում։

Մեկնաբանել