2022-ի 1-ին կեսին Զանգեզուրի պղնձամոլիբդենայինն ավելի շատ հարկ է վճարել, քան վերջին երկու տարում միասին վերցրած

Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։ Լուսանկարում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքավայրը։

Մկրտիչ Կարապետյան

2022-ի առաջին կիսամյակի Հայաստանի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է՝ վճարած 104,8 մլրդ դրամի հարկերով։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ի հրապարակած 1000 խոշոր հարկատուների առաջին կիսամյակի տվյալներից։ Կոմբինատը շեշտակիորեն ավելացրել է հարկերը և կիսամյակի տվյալներով արդեն իսկ գերազանցել 2021-ի տարեկան հարկերի մակարդակը։ Անցած տարվա արդյունքներով՝ ԶՊՄԿ-ն բյուջե էր վճարել մոտ 49 մլրդ դրամի հարկեր։

Ընդ որում, եթե առաջին եռամսյակի ընթացքում ԶՊՄԿ վճարած հարկերի մեծ ծավալը կարող էր բացատրվել պղնձի միջազգային գների աճով, ապա հունիսի սկզբից գների աճը թուլացել է։ Ըստ Լոնդոնի մետաղական բորսայի տվյալների՝ եթե մարտին մեկ տոննա պղնձի գինը գերազանցում էր 10 500 դոլարը, ապա հուլիսի 22-ի դրությամբ գինը կազմել է մոտ 7500 դոլար։ Միայն առաջին եռամսյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկերն անցել էին 35 մլրդ-ը։ Այս գումարի ձևավորման մեջ էական էր կոմբինատի՝ պետությանը պատճառված վնասի փոխհատուցման ծավալը, որ կազմում էր 15 մլրդ դրամ։ Փաստացի, ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում կոմբինատը վճարել է մոտ 70 մլրդ դրամի հարկեր։

Այս կիսամյակում ԶՊՄԿ-ի վճարած հարկերի թռիչքային աճը պատկերացնելու համար հարկ է ընդգծել, որ 2020 և 2021 թվականների արդյունքներով կոմբինատը միասին վերցրած վճարել էր մոտ 92 մլրդ դրամի հարկեր, այնինչ միայն այս հունվար-հունիսին այդ թիվը մոտեցել է 105 մլրդ-ի։

Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Բաբկեն Թունյանի խոսքով՝ հարկերի աճը, ըստ էության, պայմանավորված է պղնձի խտանյութի, մոլիբդենի և ֆեռոոլիբդենի արտահանման տուրքի առկայությամբ։ Անցած տարի, հաշվի առնելով համաշխարհային շուկայում պղնձի բարձր գինը, կառավարությունը համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախաձեռնեց, որով հանքարդյունաբերողները յուրաքանչյուր տոննայի արտահանման համար լրացուցիչ տուրք էին վճարելու բյուջե։ «Ճիշտ է՝ միջազգային շուկայում պղնձի գինը նվազում է, բայց սահմանված տուրքը կապված չէ գների դինամիկայի հետ, կա տոննայի համար ֆիքսված գումար, որը վճարվում է»- ասաց Թունյանը՝ հիշեցնելով, որ եկող տարվանից արդեն հանքարդյունաբերողների համար սահմանված տուրքի գործիքը վերանալու է և ներդրվելու է ռոյալթիի նոր համակարգը։ Լինելու է ոչ թե տոննայի համար ֆիքսված տուրք, այլ տուրքը կապված է լինելու միջազգաին շուկայում պղնձի, մոլիբդենի ու ֆեռոմոլիբդենի գների հետ։

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ԶՊՄԿ-ի վճարած հարկերի այս տպավորիչ աճը ևս բացատրում է արտահանման տուրքով. «Արտահանման տուրքը ուժի մեջ մտավ անցած հուլիսից և ԶՊՄԿ-ի վճարած հարկերից 55 մլրդ-ը ռոյալթիի և տուրքի վճարն է։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նաև շահութահարկն է ավելացվել 22 մլրդ-ի չափով։ Սա նշանակում է, որ կոմբինատը ավելի շատ շահույթ է արձանագրել։ Այնուամենայնիվ ես չեմ հիշում ԶՊՄԿ-ի կողմից այս ծավալի մուտքեր»,- նշեց տնտեսագետը։ Կիսամյակի տվյալներով ՊԵԿ-ը հավաքագրել է 927.8 միլիարդ դրամի հարկեր։ Հավաքագրված ողջ գումարի 11.3 տոկոսը միայն ԶՊՄԿ-ի վճարած հարկերն են։

ԶՊՄԿ-ի հիմնական սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է, իսկ հանքի 15 տոկոսը պատկանում է կառավարությանը։ Տրոցենկոյին պատկանող մեկ այլ խոշոր հանքարդյունաբերական ընկերություն՝ «Գեոպրոմայնինգ գոլդ»-ը, որ շահագործում է Սոթքի ոսկու հանքը, ինչպես այս տարվա առաջին եռամսյակում, այնպես էլ կիսամյակի տվյալներով չի ընդգրվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ ՊԵԿ-ը պարզաբանել էր, որ ընկերության կողմից հաշվարկված ռոյալթիի ու կանխավճարների հանրագումարի տարբերությունը կազմել է բացասական մեծություն, այդ պատճառով էլ վճարման ենթակա գումար ընկերության համար չի առաջացել։

Անցած տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ հարկերն ավելացրել են նաև Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, որը անցած տարվա 6 ամիսներին վճարել էր 519 մլն դրամ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 2,5 մլրդ։ Ագարակի պղնձամոլիբդենայինը անցած տարվա համեմատ մոտ 6 մլրդ-ի ավել հարկեր է վճարել, իսկ Սյունիքի մարզում գտնվող Լիճքվազի թեյի-ոսկու հանքավայրը շահագործող «Լիճքվազ» ՓԲԸ-ն այս տարվա կիսամյակում վճարել է 3,1 մլրդ դրամ հարկեր՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի 609 մլն դրամի փոխարեն։

Մեկնաբանել