«Մասրիկ-1» արևային կայանը երեք տարի անց մտնում է կառուցման փուլ

«Մասրիկ-1» արևային կայանը երեք տարի անց մտնում է կառուցման փուլ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Գեղարքունիքում առաջիկայում կսկսվի Հայաստանի ամենամեծ արևային կայանի կառուցումը։ Խոսքը Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ գյուղի տարածքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է։

Այս ծրագրի մասին ազդարարվել էր դեռ 2017-ին, միջազգային մրցույթ էր հայտարարվել, ընտրվել էր կառուցապատող, սակայն տարբեր պատճառներով կառուցումը ձգձվում էր։ Ըստ նախագծի՝ կայանն ունենալու է 55 ՄՎտ հզորություն, և Հայաստանի առաջին արդյունաբերական մասշտաբի արևային կայանը կլինի։ Այն տասն անգամ հզոր է Ծափաթաղ գյուղում գտնվող Հայաստանի ներկայիս ամենամեծ արևային կայանից։ «Մասրիկ-1»-ի հզորությունը թույլ կտա տարեկան արտադրել մինչև 120 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Ակնկալվող ներդրումների չափը մոտ 60 մլն դոլար է:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) #CivilNetCheck-ին հայտնեցին, որ էլեկտրակայանի կառուցման աշխատանքները վերսկսվել են 2022-ի մայիսի 15-ին։ Վարդենիսի համայնքապետարանի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը մանրամասնեց, որ խոսքը նախապատրաստական աշխատանքների մասին է, իսկ բուն շինարարությունը կսկսվի օգոստոսին։

«Մինչև այդ տարածքը հասնելը նախապատրաստական ճանապարհաշինարարական աշխատանքներ են տարվում։ Արդեն վերջացնում են։ Բուն կայանի շինարարությունը նախատեսված է սկսել օգոստոսի 1-ից։ Նախատեսված է, որ մինչև տարվա վերջ կավարտվի»,- ասաց Պետրոսյանը։

ՏԿԵՆ-ը հայտնում է, որ կայանի կառուցման աշխատանքների տևողությունը 24 ամիս է, և ծրագրով շինարարության ընթացքում կստեղծվի շուրջ 150 աշխատատեղ, իսկ կայանի շահագործումից հետո՝ 25-30 աշխատատեղ:

Կոնսորցիումի կողմից 1 կՎտժ-ի դիմաց առաջարկվել էր 0.0419 դոլար սակագին՝ առանց ԱԱՀ-ի։ Իսկ այս տարվա հունիսի 30-ի կառավարության որոշմամբ ամրագրվել է 0.0415 դոլար (շուրջ 17 դրամ) սակագինը։ Համեմատության համար նշենք, որ ներկայում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը կազմում է 15.921 դրամ, Սևան-Հրազդան կասկադինը՝ 19.686 դրամ, իսկ Երևանի ՋԷԿ-ինը 18.097 դրամ 1 կՎտժ-ի համար (բոլորը առանց ԱԱՀ)։

Էլեկտրակայանը կառուցվելու է Մեծ Մասրիկ գյուղից արևմուտք ընկած 97,4 հեկտար տարածքի վրա։

Ո՞վ է կառուցողը

Ծրագիրը իրականացնում է «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ն, որը գրանցվել է 2018-ի հուլիսի 2-ին և ունի 30 մլն դրամ կանոնադրական կապիտալ։ Ըստ ընկերության 2020-ի տարեկան ֆինանսական հաշվետվության՝ «ԷֆԱրՎի Մասրիկ»-ի սեփականատերերն են «էֆԱրՎի Լա Պրովիդենսիա էս. էլ.» (75%) և «էֆէսէլ Սոլար» էս. էլ.» (25%) ընկերությունները, որոնք որպես կոնսորցիում 2018-ին ընտրվել էին «Մասրիկ-1» կայանը կառուցելու միջազգային մրցույթի արդյունքում։ Ըստ հաշվետվության, «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ի վերջնական վերահսկող կողմը «էլէլՋի Գլոբալ էներջի էնդ Ինվայրմենթ Հոլդինգ Քոմփանի Լիմիթեդն» է, որի իրական սեփականատերն է սաուդական Abdul Latif Jameel ընկերությունների ցանցը։

Նախապատմություն

«Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման միջազգային մրցույթը հայտարարվել էր 2017-ի ապրիլին, որին մասնակցել էր 20 ընկերություն և կոնսորցիում։ Շուրջ մեկ տարի անց՝ 2018-ի մարտին, հայտնի դարձավ, որ նվազագույն սակագինն առաջարկել է նիդեռլանդական «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» Բի.Վի. (Fotowatio Renewable Ventures B.V.) և իսպանական «ԷֆԷսԷլ Սոլար» Էս. էլ. (FSL Solar S.L.) ընկերություններից կազմված կոնսորցիումը։

2018-ի հուլիսին Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը և ներդրող ընկերության տնօրենը կառավարության աջակցության համաձայնագիր ստորագրեցին։ Այն ժամանակ փոխնախարար Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ կայանը կառուցվելու է մինչև 2019-ի վերջ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «ԷֆԱրՎի Մասրիկ» ՓԲԸ-ին 2018-ի հոկտեմբերին տրամադրել էր էլեկտրաէներգիայի արտադրության գործունեության լիցենզիա։ Որպես կառուցման ավարտ նշվում էր 2022-ի հուլիսը։ 2020-ի հունիսի 18-ի որոշմամբ կառավարությունը հավանություն տվեց փոփոխված և վերաշարադրված կառավարության աջակցության համաձայնագրին և ըստ այդ համաձայնագրի՝ կնքվող ուղղակի պայմանագրին:

Ծրագրի ֆինանսավորումն ավարտվեց 2021-ի մարտին։ Այն ֆինանսավորվելու է Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Եվրամիությունը, որոնք միասին կտրամադրեն մինչև 38,4 մլն դոլար վարկ, իսկ «Ամերիաբանկը» կաջակցի ծրագրի իրականացմանը՝ տրամադրելով ԱԱՀ-ի ֆինանսավորում։

2020-ի ապրիլին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանդիպել էր ներդրող ընկերության տնօրենին, մտահոգություն հայտնել կայանի կառուցման աշխատանքների ձգձգման շուրջ։ Նույն շրջանում ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին հայտնել էին, որ ծրագրի շինարարական աշխատանքների համար ընտրվել են ենթակապալառու ընկերություններ, որոնց կողմից կատարվում են երկրատեխնիկական հետազոտություններ և փորձարկումներ: Ըստ նախարարության՝ կայանի կառուցման աշխատանքները տևական ժամանակ դադարեցրել էր ծրագրի կապալառուն՝ կորոնավիրուսի համավարակի և սահմանային լարվածությունների պատճառաբանությամբ։

Մեկնաբանել