Փաշինյանի և Ալիևի միջև հանդիպում կազմակերպելու շուրջ բանակցություններ կան. Աղաջանյան

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման շուրջ բանակցություններ կան, հստակ ժամկետներ դեռևս չեն նշվում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, կայացած ասուլիսին հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

«Վերջին շրջանում առավել ևս բավականին ակտիվ գործունեություն է իրականացվում դիվանագիտական հատվածում՝ այդ թվում ԱԺ-ի, խորհրդարանական դիվանագիտության համատեքստում: Եվ հանդիպումները բավականին հաճախ են՝ տարբեր ձևաչափերով: Եվ, որքանով տեղյակ եմ, նաև կան բանակցություններ, որ որոշ ժամանակ անց ևս պետք է հանդիպում տեղի ունենա երկրների ղեկավարների միջև»,- ասել է Աղաջանյանը:

***

Փաշինյանի և Ալիևի միջև վերջին հանդիպումը կայացել է մայիսի 22-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այդ հանիպմանը պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նմանատիպ հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:

Մեկնաբանել