Հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների․ Մարիա Կարապետյան

ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը կարծում է, որ հայ-թուրքական բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների՝ չնայած թուրքական կողմի հայտարարություններին, որ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ։

«Այն, որ այդ երկու երկրները (Թուրքիան և Ադրբեջանը – խմբ․) իրենց քայլերը կարող են համաձայնեցնել, մեզ շոկի չպետք է ենթարկի։ Մենք Թուրքիայի հետ բանակցում ենք Հայաստան-Թուրքիա սահմանն առանց նախապայմանների բացելու վերաբերյալ։ Այստեղ առաջնային կարևորություն ունի, թե մեր բանակցությունների արդյունքում երկկողմ մամուլի հաղորդագրություններում ինչ է գրված: Եվ բոլորս շատ լավ գիտենք, որ թե՛ թուրքական, թե՛ հայկական կողմն արձանագրում է, որ այդ բանակցություններն ընթանում են առանց նախապայմանների»,- այսօր՝ հուլիսի 26-ին, Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Մարիա Կարապետյանը։

Նրա խոսքով՝ պետք է ջանք գործադրել, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև հուլիսի 1-ին տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններն իրականություն դառնան:

«Թե Թուրքիան Ադրբեջանի հետ իրենց փոխադարձ շահերը ինչպես կլուծի, կհամաձայնեցնի՝ իրենց գործն է: Մեզ մեր շահը պետք է հետաքրքրի, որ սահմանը բացվի, և Հայաստանը շնչի, բեռնափոխադրումները կատարվեն, և այդ ընթացքում որ ոչ մի կենսական շահ չստորադասենք այդ գործընթացին»,- ասել է Կարապետյանը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր․ «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Բացի հատուկ ներկայացուցիչների բանակցություններից, մարտի 12-ին Անթալիայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

Մեկնաբանել