Մետրոյի տնօրինությունը մեքենավարներին խոստացել է քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցը

Երևանի մետրոյի մեքենավարներն այսօր՝ հուլիսի 27-ի առավոտյան գործադուլ են արել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Բանակցությունների արդյունքում ժամը 09:30-ից մետրոպոլիտենի աշխատանքը վերականգնվել է։

«Առավոտյան վեցից Երևանի մետրոն չի գործում, քանի որ մեքենավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում»,- գրել էր Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ։

Ավելի ուշ մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը հայտնեց, որ ժամը 09:30-ից մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։ Ըստ նրա՝ աշխատանքը վերականգնվել է տնօրինության և աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջև բանակցությունների արդյունքում։

Տաթև Խաչատրյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ տնօրինությունը մեքենավարներին խոստացել է քննարկել աշխատավարձերի բարձրացման հարցը։

«Տնօրինության հետ նախնական պայմանավորվածություն է եղել, որ աշխատավարձների բարձրացման հարցը պետք է քննարկվի։ Հստակ ժամկետներ չեն նշվել»,- նշեց մետրոպոլիտենի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանել