Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար․ Միրզոյան

Հուլիսի 26-ին աշխատանքային այցով Պրահայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը․ «Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով, որ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել խաղաղության համար»,- նշված է հաղորդագրությունում։

Միրզոյանը շեշտել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հրատապ հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հուշարձանների պահպանման և վանդալիզմի շարունակվող դեպքերի կանխման անհրաժեշտությունը: Հումանիտար խնդիրների համատեքստում չեխական կողմն ընդգծել է, որ միջազգային իրավունքի և Ժնևի կովնեցիաների դրույթները պետք է պահպանվեն։

Արարատ Միրզոյանն ու Միլոշ Վիստրչիլը անդրադարձ են կատարել նաև հայ-չեխական միջպետական հարաբերությունների զարգացմանը։

«Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հետևողականորեն առաջ մղվող բարեփոխումների օրակարգը, որոնք ուղղված են երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, իրավունքի գերակայության ամրապնդմանը, կոռուպցիայի դեմ պայքարին։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-Եվրամիության կապերի ամրապնդմանը և Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել