Օնլայն տաքսիների համար յուրաքանչյուր փոխադրման դեպքում կսահմանվի 100 դրամ պետական տուրք․ նախագիծ

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք յուրաքանչյուր փոխադրման դեպքում։ Օրենքի փոփոխության նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ըստ նախագծի՝ թեթև մարդատար ավտոմեքենաներով էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության միջոցով իրականացվող ուղևորների յուրաքանչյուր փոխադրման համար կգանձվի բազային տուրքի (1000 դրամ) 0,1-ապատիկի չափով գումար, այսինքն՝ 100 դրամ։

Պետական տուրքի գանձումը պետք է ապահովեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը։

Բացի պետական տուրքից, օրինագծում ներկայացված է նաև պատվերի վճարման էլեկտրոնային անդորրագրի տրամադրման պահանջ։

Եվ պետական տուրքի գանձումը չապահովելու, և էլեկտրոնային անդորրագիր չտրամադրելու դեպքում նշանակվելու է տուգանք` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։

«Ներկայումս հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով տաքսի ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտի որևէ կարգավում առկա չէ։ Բազմաթիվ վարորդներ իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի անօրինական ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում՝ պատվերներ ընդունելով և փոխանցելով անհատ վարորդներին։ Ստեղծվել է անհավասար մրցակցային պայմաններ ուղևորափոխադրումների ոլորտում գործունեություն իրականացնողների համար, ինչը նպաստում է անօրինական փոխադրումների կազմակերպմանը: Արդյունքում տուժում են օրինական դաշտում աշխատող փոխադրողները»,- ասված է հիմնավորման մեջ։