Ռուբինյանը Ֆրանսիայի դեսպանին ներկայացրել է հայ-թուրքական գործընթացի ներկա վիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 27-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«Դեսպանի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկայիս վիճակը, անդրադարձել վերջերս ձեռք բերված պայմանավորվածություններին»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը մեկնարկել է այս տարվա սկզբին։ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին՝ Մոսկվայում։ Դրանից հետո բանագնացները ևս երեք հանդիպում են անցկացրել Վիեննայում։

Չնայած, որ առաջին երեք հանդիպումներից հետո կողմերը նշում էին՝ հանդիպումներն անցնում են կառուցողական մթնոլորտում, բայց որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերվեցին միայն չորրորդ հանդիպմանը՝ հուլիսի 1-ին։ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները պայմանավորվել էին հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել, համապատասխանաբար, Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար և որոշել են սկսել այդ ուղղությամբ անհրաժեշտ գործընթացները: Պայմանավորվել են նաև հնարավոր ամենասեղմ ժամկետներում մեկնարկել Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 26-ին հայտարարել էր․ «Ի սկզբանե Հայաստանի հետ հարաբերություններում մեր կարմիր գիծը Ադրբեջանն էր: «Մենք կբացենք մեր դռները» այն բանից հետո, երբ լուծում ստանա Ադրբեջանի հարցը»։ Ավելի վաղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը Ադրբեջանի հետ համաձայնեցնելու մասին խոսել էր նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Մասնավորապես, նա հայտարարել էր՝ «Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով գործընթաց ենք սկսել, սակայն պետք չէ մոռանալ, որ այն իրականում եռակողմ է»։


Մեկնաբանել