Միջնադարյան հայ գրականությունը դպրոցական ծրագրից հանելու լուրը հին է և կեղծ. փչացած հեռախոսի հետքերով

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Գոհար Սրապիոնյան անունով ֆեյսբուքյան օգտատերը հուլիսի 25-ին գրառում էր արել՝ հայտնելով, որ դպրոցական ծրագրից հանվել է միջնադարի հայ գրականությունը։

«Հայկականության, մեր ազգայինի նկատմամբ թուրքական ջարդը սկսեց իրագործվել»,- ահազանգել էր օգտատերը։

#CivilNetCheck-ին դիմել էին ընթերցողներ՝ խնդրելով ստուգել Սրապիոնյանի տարածած լուրը։

Հատկանշական է, որ Գոհար Սրապիոնյանը լրագրող է՝ Հ2 հեռուստաընկերության հաղորդավարուհի։ Որպես լուրի աղբյուր լրագրողը նշել էր «համալսարանականներին» և իր հորը՝ նախկին սփյուռքի փոխնախարար, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի դոցենտ Սերժ Սրապիոնյանին, որի նախկինում արված պնդումներից մեկին արդեն իսկ անդրադարձել ենք։

Տես՝ Սեռափոխման օրինագիծ չկա. հերքում են բոլորը

Փչացած հեռախոսի էֆեկտը

#CivilNetCheck-ը կապ հաստատեց Սերժ Սրապիոնյանի հետ տեղեկության աղբյուրն հասկանալու համար։ Վերջինս հայտնեց, որ իրականում «լուրին» ծանոթացել է ֆեյսբուքյան օգտատեր Սուսաննա Բաբաջանյանի գրառումից, որը նա արել էր ավելի քան երկու տարի առաջ՝ 2020-ի հուլիսի 5-ին։ Այն հասանելի է միայն Բաբաջանյանի ֆեյսբուքյան ընկերների համար։

«Սուսաննա Բաբաջանյան ֆեյսբուքյան ընկեր ունեմ ես, որը գրել էր, որ միջնադարյան գրականությունը հանել են դպրոցներից։ Ես հիմա չկողմնորոշվեցի, որովհետև տված ցանկը արդի գրանականության [քրիստոմատիաների – խմբ.] գրողների ցանկ էր և միջնադարը այդտեղ կարող էր և չընդգրկվել»,- հայտնեց Սրապիոնյանը՝ հավելելով, որ հաստատ չգիտի և ներկայում փորձում է ճշտել՝ միջնադարը հանվա՞ծ է, թե՞ ոչ։

Նախարարության պարզաբանումը

Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարությունը դեռ երկու տարի առաջ պարզաբանել էր տարածված նույնաբովանդակ լուրերին՝ հայտնելով, որ Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ներառված է նոր չափորոշիցներով մշակվող ուսումնական ծրագրում։

«Սկսած 5-րդ դասարանից աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը: Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»,- հայտնել էր նախարարությունը՝ կցելով լրամշակվող տարբերակի գրականության ցանկը։

ԿԳՄՍ նախարարության «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»-ի (ԿԶՆԱԿ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե մշակվող դպրոցական առարկայական ծրագրից հեռացվել է միջնադարյան հայ գրականությունը։

«Ներկայում միջնադարյան գրականությունն ամբողջությամբ ուսումնասիրվում է 9-րդ դասարանում մի ամբողջ կիսամյակի ընթացքում։ Հետո դրա մի փոքր հատվածը որպես կրկնություն ներառված է 10-րդ դասարանում։ Վերանայվող նախագծում առաջարկվում է այն տեղափոխել ուսումնական նախագծերի դաշտ և ընդհակառակը՝ ծավալը մեծացնել, որպեսզի ավելի մեծ ծավալով միջնադարյան գրականությունը մեր երեխաները ուսումնասիրեն»,- հայտնեց Արտաշես Թորոսյանը։

Այսպիսով, փաստենք որ տարածված տեղեկությունը, թե դպրոցական ծրագրից հեռացվել են միջնադարյան հայ հեղինակների ստեղծագործությունները՝ կեղծ է։
Նշենք, որ Գոհար Սրապիոնյանը մեր զանգերից հետո հեռացրեց իր գրառումը (արխիվացված տարբերակը), սակայն այլ գրառում չարեց տարածած տեղեկության սխալ լինելու վերաբերյալ։

Մեկնաբանել