Ադրբեջանի աճող դերը Արևմուտքի և Ռուսաստանի համար և հնարավոր հետևանքները հայ-ադրբեջանական համատեքստում

ԲԱՔՈՒ, ԱԴՐԲԵՋԱՆ - ՀՈՒԼԻՍԻ 18. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ձեռք են սեղմում՝ ադրբեջանական բնական գազի ներմուծման ավելացման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո ակնհայտ էր, որ Հարավային Կովկասում ևս տեղի են ունենալու գլխավոր ուժային կենտրոնների շահերի վերադասավորում և տարածաշրջանի երկրների նկատմամբ ընկալումների մեջ լուրջ փոփոխություններ: Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ այս գործընթացի հիմնական արդյունքներից մեկը Ադրբեջանի դերի ու նշանակության աճն է դարձել ինչպես Արևմուտքի, այնպես էլ Ռուսաստանի համար:

Վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել մի շարք գործընթացներ, որոնք ի ցույց են դնում Բաքվի աճող կշիռը մեր տարածաշրջանում Եվրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Հուլիսի 18-ին տեղի ունեցավ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցը Բաքու, որտեղ Ադրբեջանի ու Եվրամիության միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` էներգետիկ ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ։ Այդ հուշագրով նախատեսվում է, որ Ադրբեջանը մինչև 2027-ը կկրկնապատկի Եվրոպա մատակարարվող գազի ծավալները` հասցնելով դրանք տարեկան 20 մլրդ խմ-ի: Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանեց առանցքային գործընկեր ռուսական ածխաջրածնային հանածոներից հրաժարվելու գործընթացում: Նա, մասնավորապես, հայտարարեց․

«Այսօր՝ փոխըմբռնման այս հուշագրով, մենք նոր գլուխ ենք բացում Ադրբեջանի հետ մեր էներգետիկ համագործակցության մեջ, որը առանցքային գործընկեր է ռուսական ածխաջրածնային հանածոներից հրաժարվելու մեր ջանքերում: Մենք ոչ միայն ծրագրում ենք ուժեղացնել գոյություն ունեցող մեր գործընկերությունը, որը ապահովում է Եվրամիությանը գազի վստահելի ու կայուն մատակարարումները Հարավային գազային միջանցքի միջոցով: Մենք նաև երկարատև գործընկերության հիմք ենք դնում էներգետիկ արդյունավետության ու մաքուր էներգիայի հարցերում, քանզի մենք երկուսով հետապնդում ենք Փարիզի համաձայնագրի նպատակները»:

Էներգետիկ հարցերով զբաղվող վերլուծաբանների մեծամասնությունը բավական հոռետեսեական վերաբերմունք ունի Եվրամիության և Ադրբեջանի միջև ստորագրված այս հուշագրի նկատմամբ: Նախ, նույնիսկ եթե Ադրբեջանը կարողանա մեծացնել դեպի Եվրոպա գազի մատակարարումները հուշագրում նշված ծավալներով՝ դրանք շարունակելու են կազմել ԵՄ գազի պահանջարկի չնչին տոկոսը: Ավելին, լուրջ կասկածներ գոյություն ունեն, որ Ադրբեջանը ընդհանրապես ի վիճակի կլինի մինչև 2027-ը կրկնապատկել ԵՄ մատակարարվող գազի ծավալները: Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Եվրամիության համար Ադրբեջանի հետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու կամ դրանից հրաժարվելու մեծ գործընթացում փոքր, բայց կարևոր բաղադրիչ է: Այդ առումով անժխտելի է, որ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո Բաքվի կշիռը Բրյուսելի համար զգալիորեն մեծացել է:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նշանակությունը էականորեն մեծացել է նաև Ռուսաստանի համար: Ինչպես հայտնի է, Մոսկվան և Բաքուն ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից երկու օր առաջ ստորագրել էին դաշնակցային փոխգործակցության վերաբերյալ հռչակագիր, որով այդ երկու երկների միջև հարաբերությունները բարձրացվել են դաշնակցային մակարդակի:

Վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ավելի են սերտացել: Չնայած Բաքվուն նույն ուկրաինական ճգնաժամի հարցում պարբերաբար իրականացրել է հակառուսական դեմարշներ՝ Ռուսաստանի իշխանությունները վերջին շրջանում Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման քաղաքականություն են վարում: Այս միտման գլխավոր ցուցիչներից մեկը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցն էր Բաքու, որտեղ նա մի շարք խնդրահարույց հայտարարությունները հնչեցրեց Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցերի շուրջ: Լավրովի այդ հայտարարությունները ամբողջովին համահունչ էին Ադրբեջանի դիրքորոշումների հետ:

Ռուս-ադրբեջանական մեղրամիսի երկրորդ ուշագրավ դրվագը Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հուլիսի 14-ի այցն էր Շուշի: Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիվանագետի առաջին այցն էր Շուշի: Մինչ այդ այդ Շուշի էր այցելել և քաղաքից ռեպորտաժ էր պատրաստել նաև ռուսական «Ռոսիա 1» հեռուստաընկերության թիմը: «Ռոսիա 1»-ը պետական լրատվամիջոց է, և այդ այցը բնականաբար ևս քաղաքական որոշման արդյունք էր:

Մոսկվայի և Բաքվի միջև սերտացող հարաբերությունների մեկ այլ ցուցիչ էր ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Սերգեյ Նարիշկինի այցը Ադրբեջան, որտեղ նա ստորագրեց Ադրբեջանի հետ հետախուզության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր:

Այս բոլոր գործընթացները ցույց են տալիս Ադրբեջանի աճող կարևորությունը Ռուսաստանի համար: Այդ միտման գլխավոր պատճառն այն է, որ ուկրաինական պատերազմի պատճառով արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը ակտիվ փորձում է արտահանման նոր շուկաներ գտնել իր ապրանքների համար: Այդ նպատակն իրագործելու համար Մոսկվան փորձում է ակտիվացնել Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, որը Ռուսաստանը Ադրբեջանի ու Իրանի տարածքով կկապի Հնդկաստանի հետ: Ադրբեջանական կողմի հետ վերջին շրջանի շփումներում այս թեման առանցքային նշանակություն ունի:

Այսպես, հուլիսի 20-ին տեղի ունեցավ Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույց, որի ընթացքում շոշափվեց նաև Հյուսիս-Հարավ միջանցքի հարցը: Իսկ արդեն հուլիսի 26-ին ռուսական հեղինակավոր «Վեդոմոստի» թերթը հայտնեց, որ Ռուսաստանը պատրաստվում է 1,5 մլրդ դոլար հատկացնել Իրանի` մինչև 2030-ը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը զարգացնելու համար: Նախատեսվում է, որ այդ միջոցներով կառուցվելու է ադրբեջանական Աստարա քաղաքը իրանական Ռեշտ քաղաքի հետ կապող երկաթգիծը, ինչը կարևորագույն նշանակություն է ունենալու Հյուսիս-հարավ միջանցքի ակտիվացման գործում:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական համատեքստում միջնորդական առաքելություններ իրականացնող այս երկու ուժային կենտրոնների համար Ադրբեջանի դերի աճը որոշակի ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանում գործընթացների վրա: Եվրամիության ու Ռուսաստանի հետ Բաքվի սերտացող հարաբերությունների արդյունքում մի շարք վտանգներ են ի հայտ գալու Հայաստանի համար:

Այդ վտանգներից հիմնականն այն է, որ այս երկու միջնորդները և առաջին հերթին` Ռուսաստանը, ավելի հակված են լինելու Հայաստանի շահերի հաշվին զիջումներ կատարել Ադրբեջանին: Ինչպես տեսնում ենք, նմանատիպ դրվագներ արդեն իսկ արձանագրվել են վերջին շաբաթների ընթացքում: Երկրորդ հիմնական վտանգն այն է, որ ուժային կենտրոնների համար Ադրբեջանի աճող դերը կարող է դրդել վերջինիս ավելի լկտի և ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի հետ հարաբերություններում: Դրա առաջին նախանշանները ևս երևում են վերջին շրջանում:

Մեկնաբանել