Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը հուլիսի 27-ին ժամը 21։00-ին ազատ է արձակվել։ Նրան կալանքի տակ պահելու ժամկետը լրացել է, իսկ նոր դատական ակտ, որով կերկարացվեր խափանման միջոցի կիրառումը, չկա։
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է մայիսի 14-ին՝ գումարի դիմաց ուսանողներին ընդդիմության հավաքներին բերելու գործով։
Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:
Կոմիտեն քննությամբ պարզել է, որ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2 մլն դրամ գումար: