Միացյալ Նահանգները հայտարարում է, որ պատրաստ է շարունակել աշխատանքը Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբում՝ հանուն ղարաբաղյան խնդրի համապարփակ ու խաղաղ կարգավորման։ Այդ մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Մենք ասել ենք, որ պատրաստ ենք Մինսկի խումբն օգտագործել որպես հարթակ։ Այդ առաջարկը մնում է բաց։ Մենք չենք լսել ռուս գործընկերների արձագանքն այս առաջարկին։ Բայց կարծում եմ, որ դա է առաջին քայլը, որից հետո մենք կարող ենք խոսել այլ քայլերի և գաղափարների մասին։ Առաջին քայլը ակնկալում ենք Ռուսաստանից, և դա Ռուսաստանի վերադարձն է այս ձևաչափին իր մասնակցությանը: Մենք շարունակում ենք Մինսկի խումբը դիտարկել որպես ձևաչափ, հարթակ, որն ունի միջազգային մանդատ՝ անդրադառնալու Լեռնային Ղարաբաղի իրավիճակին»,- նշել է Լին Թրեյսին:
Հարցին, թե ինչպես է ԱՄՆ-ն վերաբերվում Ադրբեջանի նախագահի պնդումներին, թե հակամարտությունն այլևս կարգավորված է, և միջնորդների կարիքը չկա, դեսպանը ընդգծել է՝ չնայած այդ հայտարարություններին՝ Վաշինգտոնը կշարունակի ուղիներ փնտրել Մինսկի խմբի ձևաչափն օգտագործելու համար:
***
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 24-ին Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ «չեն քննարկել Մինսկի խմբի հարցը, որովհետև այն դադարեցրել է իր գործունեությունը՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»։ Դրանից առաջ՝ 2021-ի ապրիլին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը կշարունակի նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը հավատարիմ է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին։
«ԱՄՆ-ն շարունակում է ասել, որ մենք աջակցում ենք Մինսկի խմբի համանախագահության գործընթացին, մենք շարունակում ենք հավատալ, որ դա շատ կարևոր ձևաչափ է, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ կարևոր է, որ մենք տարբեր ձևաչափեր պահպանենք՝ փորձելով առաջ տանել խաղաղությունը, և մենք կշարունակենք դա անել առաջիկայում»,- ասել է պետքարտուղարի տեղակալը։
Հարցին՝ ԱՄՆ-ն պատրաստ է այս հարցում համագործակցել ՌԴ-ի հետ, Դոնֆրիդը պատասխանել էր․ «Այո, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է։ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը կշարունակեն այդ ձևաչափը»։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հայտարարությանն արձագանքել էր ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ «եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևորեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության յուրահատուկ միջնորդական ձևաչափը, ապա չէին անտեսի բոլոր անդամ երկրների հավանությանն արժանացած մանդատը»։
«Նրանք ցուցադրաբար, առանց որևէ խորհրդակցության փետրվարի 24-ից դադարեցրել են շփումները Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի հետ: Դրանով եռյակի աշխատանքին մեծ հաշվով անդառնալի վնաս է հասցվել»,- ընդգծել էր Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։