Երևանի նկատմամբ Անկարայի հռետորաբանությունում նրբերանգային փոփոխություն կա

Թուրքիան և Ադրբեջանը մեծացնում են ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ Երևանից սպասելով «առարկայական» քայլերի: Այդ մասին են վկայում Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների, ինչպես նաև Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի վերջին հայտարարությունները:

Այն փաստը, որ Անկարան Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչնեչի նշանակումից ի վեր Երևանի հետ հարաբերություններում առաջնորդվել է Ադրբեջանի հետ սերտ համաձայնությամբ, նորություն չէ: Սակայն Անկարայի հռետորաբանությունում նրբերանգային փոփոխություն է նկատվում: Թուրքական կողմը սկսել է բացահայտ խոսել հայ-ադրեջանական բանակցությունները հայ-թուրքական կարգավորմամբ պայմանավորելու և Ադրբեջանի շահերը իր համար կարմիր գիծ ընկալելու մասին:

Այլ կերպ ասած՝ Անկարան և Բաքուն ներկայում շարժվում են՝ «չկա հայ-ադրբեջանական համաձայնություն, չկա նաև հայ-թուրքական կարգավորում» տրամաբանությամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հուլիսի 25-ին անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին, ընդգծել է. «Ի սկզբանե մեր [Թուրքիայի] կարմիր գիծը Ադրբեջանն էր, Ադրբեջանի հարցի կարգավորումից հետո մենք մեր դռները կբացենք [Հայաստանի] առաջ»։ Նա միտքն ամփոփել է «Հայաստանից հստակ քայլերի ենք սպասում» ձևակերպմամբ:

Հուլիսի 21-ին Մևլյութ Չավուշօղլուն իր հերթին կոչ էր արել չմոռանալ, որ «հայ-թուրքական կարգավորման գործընթացն իրականում եռակողմ է»: Ուշագրավ է, որ Չավուշօղլուն իր խոսքում Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչների նշանակումը «Թուրքիայի պես մեծ պետության համար նորմալ էր» համարել՝ ակնարկելով, որ Անկարան այլևս չի պատրաստվում «ընդառաջ» գնալ հայկական կողմին, և միայն Երևանը պետք է հստակ քայլեր կատարի:

Գաղտնիք չէ, որ Ադրբեջանն ու Թուրքիան վերոնշյալ հայտարարությունների անվան տակ Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքում են հետապնդում, որը նախատեսում է Արցախը դիտարկել բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ: Բացի այդ, երկու պետությունները ցանկանում են միջանցքային տրամաբանությամբ Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին հնարավորինս արագ բացված տեսնել:

Ադրբեջանի նախագահ Ալիևը հուլիսի 15-ին բողոքել էր, որ հայկական կողմը Մեղրիի հատվածում երկաթուղու կառուցման համար որևէ աշխատանք չի կատարել, ինչպես նաև սպառնացել Երևանի՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացման համար: Կարելի է ենթադրել, որ Բաքուն իր գործողություններում շտապում է և, օգտվելով իր համար միջազգային բարենպաստ իրավիճակից, ցանկանում է առանցքային խնդիրներում հայկական կողմից կորզել առավելագույնը:

Սակայն մի կողմ դնելով Ալիևի սպառնալիքները և հայացք նետելով հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգին՝ կարելի է փաստել, որ իրավիճակը փակուղային է: Ադրբեջանի սահմանած տրամաբանությամբ՝ երկկողմ հարցերի քննարկումները, այդ թվում սահմանների ճշգրտման գործընթացը, հանգում են Արցախի խնդրին, որի կարգավիճակի շուրջ Բաքուն հրաժարվում է որևէ քննարկում ծավալել: Բնականաբար, Ադրբեջանի վարած այդ քաղաքականությունն առնվազն դժվարեցնում է բանակցային գործընթացն ու սահմանափակում Երևանի խուսանավելու հնարավորությունները:

Հայ-ադրբեջանական օրակարգի թերևս միակ թեման, որն ուղղակիորեն չի առնչվում Արցախի կարգավիճակին և հարաբերականորեն Երևանի համար դրական բանակցությունների հնարավորություն է տալիս՝ Հայաստանով նախատեսված ճանապարհի հարցն է, որը կարելի է դիտարկել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում:

Հատկանշական է, որ հայկական կողմն ի տարբերություն երկկողմ այլ խնդիրների, ցայսօր այդ հարցում հստակ դիրքորոշում է արտահայտում՝ շարունակելով պնդել միջանցքային տրամաբանության անհնարինության մասին: Ենթադրաբար՝ դա հայ-ադրբեջանական բանակցային օրակարգի ամենաիրատեսական և կամ ավելի հեշտ լուծելի թեմաներից է, որի շուրջ կարելի է համաձայնության եզրեր գտնել Բաքվի հետ: Չի բացառվում, որ հայկական կողմը ապավինում է նաև տարածաշրջանում մեծ հետաքրքրություն ունեցող ուժերի՝ հատկապես Ռուսաստանի և Եվրամիության աջակցությանը, որոնք մեծապես հետաքրքրված են ճանապարհի շուտափույթ կառուցմամբ: Միջազգային դերակատարները պայմանավորված ռուս-ուկրաինական ճգնաժամով, այժմ առավել քան կարևորում են այլընտրանքային ուղիների նախագծերը, և դա Երևանի համար կարող է հնարավորություն թվալ՝ Արցախի հանդեպ ճնշումն առժամանակ հեռացնելու առումով:

Սակայն կարևոր հարցերից է, թե արդյոք Բաքուն կհամաձայնի՞ հրաժարվել միջանցքի իր պահանջից՝ ամբողջովին փակված չհամարելով Ղարաբաղի հարցը: Եվ կամ որքանո՞վ հայկական կողմին կհաջողվի Ադրբեջանի առաջարկած համապարփակ պայմանագիրը ստորադասել հաղորդակցային ուղիների քննարկումից:

Հարկ է նկատել, որ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի թեման խիստ զգայուն է նաև Իրանի համար, որը պարբերաբար դեմ է արտահայտվում միջանցքային տրամաբանությանը: Այլ հարց, որ նույնը չի կարելի է ասել Արցախյան հարցի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին, որն ամբողջովին արտահայտում է Ադրբեջանի շահերը:

Նման իրավիճակում Թուրքիան, որն ամբողջովին հիմնավոր է համարում է Բաքվի պահանջները, նույնպես փորձում է ճնշումն ավելացնել Հայաստանի վրա՝ Երևանի առաջ դնելով անիրատեսական խնդիրներ: Այս պարագայում կարելի է փաստել, որ առնվազն քիչ նշանակություն են ստանում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները առանց նախապայմանների անցնելու շուրջ երկկողմ որակումները, քանզի Անկարան արդեն պաշտոնապես չի տարանաջատում հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից:

Դա անգամ մի իրավիճակում, երբ Անկարան հետպատերազմական փուլում Արցախի հարցում բնավ չունի այն զգայունությունը, որն ունեն Ադրբեջանն ու մասնավորապես Հայաստանը: Թուրքական կողմը՝ նպատակ դնելով նպաստել Ադրբեջանի համար առանցքային համարվող խնդրի վերջնական հանգուցալուծմանը, փորձում է սեփական երկրի համար այլընտրանքային նոր ուղիներ և ազդեցության դաշտեր փնտրել: Պատահական չէ, որ թուրքական կողմը «Զանգեզուրի միջանցքը»-ի խնդրին մոտենում է ոչ միայն Հարավային Կովկասում կամ Կենտրոնական Ասիայում իր ազդեցության մեծացման հնարավորություններից մեկը, այլև այն գնահատում՝ ավելի խոշոր համայնապատկերում՝ դիտարկելով Արևելքը Արևմուտքին կապող «Միջին միջանցք»-ի առանցքում, ինչն առաջին հերթին Թուրքիայի համար խոստանում է տնտեսական մեծ օգուտներ:

Մեկնաբանել