ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում հայտնաբերել է 8,5 մլրդ դրամի խախտումներ

Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրել է Երևանի քաղաքապետարանի 2018-2022թթ. գործունեությունը և հայտնաբերել է շուրջ 8,5 միլիարդ դրամի խախտումներ։

Ըստ ՊՎԾ-ի՝ խախտումները հիմնականում առնչվում են պետական բյուջեից համայնքին տրամադրված դոտացիաների հաշվարկման հիմքերին, Երևան քաղաքի փողոցների ընթացիկ նորոգման և ճաքալցման, ճանապարհաշինարարական, բարեկարգման և դիզայներական ձևավորման աշխատանքների ծրագրերին, ինչպես նաև քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Էլեկտրատրանսպորտ», «Երքաղլույս» և «Երևանտրանս» ընկերությունների գործունեությանը։ Խախտումներ են հայտնաբերվել նաև քաղաքապետարանի աշխատակիցներին ծառայողական նպատակներով բենզինի տրամադրման գործընթացում և արտասահմանյան գործուղումների ծախսերում։

«Մասնավորապես, բացահայտվել են հետևյալ առավել ուշագրավ և մեծածավալ խախտումները։ Պետական բյուջեից Երևանի քաղաքապետարանին տրամադրվող դոտացիայի հաշվարկման հիմք հանդիսացող տեղեկատվությունը՝ գույքահարկի և հողի հարկի բազային տվյալները պակաս են ներկայացվել շուրջ 7,1 միլիարդ ՀՀ դրամի չափով։ Ավելի քան 5 հազար փոխադրամիջոց չի հաշվառվել բազաներում, կամ անհիմն ներկայացվել է որպես օտարված, ինչի արդյունքում չի հավաքագրվել շուրջ 331 միլիոն դրամ գույքահարկի գումար։ Թվով 634 փոխադրամիջոց օտարվել է հարկադիր աճուրդի կամ բռնագանձման շրջանակներում, իսկ դրանց մասով առկա 124,6 միլիոն դրամի գույքահարկի պարտավորությունը գանձելու ուղղությամբ քաղաքապետարանի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել»,- նշված է հաղորդագրությունում։

Փողոցների և ճանապարհների նորոգման, ճաքալցման, բարեկարգման, աշխատանքների շրջանակներում վերահսկողական ծառայությունը արձանագրել է շուրջ 542,7 միլիոն դրամի ոչ նպատակային օգտագործման և չկատարված աշխատանքների դիմաց վճարման դեպքեր։

Ծառայությունից հայտնում են, որ քաղաքապետարանում իրականացված ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու նպատակով:

«Պետք է նշել նաև, որ Երևանի քաղաքապետարանում զուգահեռաբար մշտադիտարկվում են 2011-2018թթ. շինարարության թույլտվությունների տրամադրման և ուղղակի վաճառքի եղանակով հողամասերի օտարման գործընթացները, որոնց արդյունքում այս պահի դրությամբ հայտնաբերվել են շուրջ 7,3 միլիարդ դրամի խախտումներ: Բացահայտված առանձին խախտումների դեպքերով 5 նյութեր ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա արդեն իսկ հարուցվել են թվով 3 քրեական գործեր»,- ասված է ՊՎԾ տարածած հաղորդագրությունում։

Մեկնաբանել