Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր շուկայի բնակարաններից մեկի պատուհանը

Ադրբեջանական կրակոցների հետևանքով վնասվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հուլիսի 28֊ին՝ ժամը 11:45֊ի սահմաններում, ադրբեջանական կողմը կրակոցներ է արձակել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։

Կրակոցները տևել են շուրջ 20 րոպե, որի հետևանքով փափուշտները թափվել են համայնքների բնակելի հատվածներում։ Այս պահի դրությամբ ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ խոցվել է Կարմիր շուկա համայնքի բնակիչներից մեկին պատկանող տան պատուհանը, նույն տան բակում հայտաբերվել է հրաձգային զինատեսակի 8 փամփուշտ։

Ադրբեջանական կողմի ագրեսիվ վարքագիծը նպատակ ունի խաթարելու բնականոն կյանքն Արցախի համայնքներում և ահաբեկելու քաղաքացիական բնակչությանը։ Այս վարքագիծը ցուցադրում է, որ ադրբեջանական ղեկավարությունը շարունակում է վարել Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության, հոգեբանական ու ֆիզիկական բռնության կիրառման, Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։

Արցախի ժողովրդի իրավունքների դիտավորյալ խախտումների հանգեցնող գործողությունների նույնիսկ կարճատև դադարները և կեղծ խաղաղասիրության դրսևորումներն Ադրբեջանի կողմից ներկայացվող բեմադրության տակտիկական մաս են և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակադրված ու շինծու վարքագիծ։

Միջնորդների և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախում տեղակայված խաղաղապահների համար առավել քան հստակ պետք է լինեն ադրբեջանական կողմի իրական նպատակներն ու ձգտումները և ըստ այդմ միջազգային հանրության աչքին թոզ փչելու ադրբեջանական ցանկացած գործողություն պետք է ստանա իրական գնահատական և հակազդեցություն։

Ադրբեջանական իշխանությունների հանցավոր վարքագիծը ինչպես նախկինում, այնպես էլ այսօր որևէ փոփոխության չի ենթարկվել ու շարունակում է հետապնդել նույն հայատյաց ու ցեղասպան նպատակները»,- գրել է Արցախի ՄԻՊ-ը։

***

Ավելի վաղ Արցախի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ադրբեջանական կողմն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ․ «Ժամը 11:45-ի սահմաններում ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ»,- նշել էր Արցախի ՆԳՆ-ն։

Մեկնաբանել