Միրզոյանն ու Խովաևը քննարկել են հայ-ադրբեջանական և ԼՂ կարգավորման հարցերը

Հուլիսի 28-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր։

«Նախարար Միրզոյանի կողմից ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի և փորձի օգտագործման կարևորությունը՝ իր միջազգային մանդատին համապատասխան»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ հուլիսի 22-ին, Իգոր Խովաևը Բաքվում հանդիպել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

***

2021-ի ապրիլին Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն իր աշխատանքը շարունակելու է նոր կարգավիճակով՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ։

Մեկնաբանել