Անձնագրային բաժինները կաշխատեն նաև շաբաթ օրերին

Անձնագրային բաժանմունքներում աննախադեպ հերթերը չեն դադարում

Ոստիկանության անձնագրային բաժինները առաջիկա մեկ ամսվա շաբաթ օրերին կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։

«Հաշվի առնելով անձնագրային և վիզաների վարչությունում ու տարածքային անձնագրային ստորաբաժանումներում ներկայումս գոյացող հերթերը՝ ոստիկանության պետի հրամանով առաջիկա մի քանի շաբաթ օրերին, մասնավորապես՝ հուլիսի 30-ին, օգոստոսի 6-ին, 13-ին, 20-ին ու 27-ին անձնագրային և վիզաների վարչությունն ու տարածքային անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սովորական աշխատանքային ռեժիմով՝ ժամը 9-ից 18-ը։ Բացի այդ, նշված ծառայություններում քաղաքացիների սպասարկումն իրականացվում է առանց ընդմիջման՝ հերթափոխով՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմումատուներին որակյալ ծառայություններ մատուցելու համար»,- ասված է հայտարարությունում։

Անձնագրային բաժիններում հերթերի մասին ՍիվիլՆեթի ռեպորտաժը՝ ստորև․

Ավելի վաղ ոստիկանությունը պարզաբանում էր ներկայացրել անձնագրային բաժիններում հերթերի վերաբերյալ։ Խնդիրը, ըստ կառույցի՝ պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ․ «Հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները»։

Մեկնաբանել