Աբխազիայում վիճարկում են Պիցունդայի ամառանոցի փոխանցումը Ռուսաստանին 

OC Media

Աբխազիայի օրենսդիրները պատրաստվում են քննարկել Պիցունդայում (Բիչվինտա) խորհրդային ժամանակաշրջանի պետական ​​ամառանոցը (դաչա) Ռուսաստանին փոխանցելու հարցը, ինչը հարուցել է քաղաքական գործիչների և բնակիչների քննադատությունն ու անհանգստությունը:

1995-ին Աբխազիայի առաջին նախագահ Վլադիսլավ Արձինբան համաձայնել էր ամառանոցը 49 տարով վարձակալության տալ Ռուսաստանի Դաշնային պահպանության ծառայությանը։ 27 տարի անց՝ 2022-ի հունվարին, վարձակալությունը երկարաձգվել է:

Երկարաձգման պայմանագրի մանրամասները հրապարակվեցին միայն այն ժամանակ, երբ փաստաթուղթը քննարկման դրվեց Աբխազիայի խորհրդարանի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Հանձնաժողովի անդամները հավանություն են տվել փաստաթղթին և այն ներկայացրել խորհրդարանին վավերացման:

Համաձայնագրի շուրջ մտահոգությունները զսպելու նպատակով Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան շրջել է մի քանի քաղաքներում՝ խոսելու փոխանցման մասին։ Նա ընդգծել է, որ Աբխազիայի անվտանգությունը «ուղղակիորեն կախված է» դրանից։ Նա նաև ասել է, որ կառավարությունը զիջելու է միայն ամառանոցը և դրա հարակից շենքերը, այլ ոչ թե այն հողը, որի վրա դրանք կառուցվել են։

Մի քանի նախկին պատգամավոր հրապարակայնորեն դատապարտել է համաձայնագիրը և կոչ արել խորհրդարանին ու Բժանիային չվավերացնել այն, քանի որ «հակասում է Աբխազիայի և նրա ինքնիշխանության շահերին»։

Սուխումի Քաղաքացիական հասարակության խումբ կազմակերպության մարդասիրական ծրագրերի կենտրոնի իրավաբան Սաիդ Գեզերդաան պնդում է, որ համաձայնագիրը հակասում է Սահմանադրությանը:

Հուլիսի 20-ին արտաքին գործերի նախարարության հանրային խորհուրդը՝ Աբխազիայի լրագրողների, քաղաքական գործիչների և վետերանների հավաքախումբ, նույնպես որոշել է իրավական քննություն անցկացնել համաձայնագրի վերաբերյալ։

Խորհրդի նիստում Աբխազիայի լրագրողների միության նախագահ Ռուսլան Խաշիգը պնդել է, որ Ռուսաստանի հետ ցանկացած միջպետական ​​համաձայնագիր, համենայնդեպս նրանք, որոնք ստորագրվել են մինչև Մոսկվայի կողմից Աբխազիայի ճանաչումը, պետք է վերանայման ենթակա լինեն, քանի որ դրանք միջազգային համաձայնագրեր չէին երկու փոխադարձաբար ճանաչված պետությունների միջև։

Համաձայնագրի շուրջ արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան փակ հանդիպում է ունեցել նաև Աբխազիայում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Շուրգալինի հետ։

Հանդիպմանը մասնակցած ընդդիմադիր գործիչ Վիանոր Աշբան պնդում է, որ ո՛չ Աբխազիայի անվտանգությունը, ո՛չ էլ Ռուսաստանի ֆինանսական աջակցությունը կախված չեն համաձայնագրից:

Մոտ 2 քկմ տարածք ունեցող Պիցունդայի դաչան Աբխազիայում խորհրդային ժամանակաշրջանի երեք պետական ​​ամառային նստավայրերից մեկն է: Եթե մյուս երկուսը ներկայում բաց են հանրության համար, Պիցունդայում գտնվող այս մեկը փակ է և ցանկապատված:

Մեկնաբանել