ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022-ի ապրիլի 13-ի ելույթից հետո Հայաստանի պաշտոնական հռետորաբանությունն ու դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնահարցում զգալի փոփոխության են ենթարկվել: Փաշինյանն իր այդ ելույթում նշել էր, որ միջազգային հանրությունը հորդորում է Հայաստանին իջեցնել կարգավիճակի հարցում նշաձողը: Նա պնդում էր, որ Երևանի այդ քայլից հետո Հայաստանի շուրջ լուրջ միջազգային կոնսոլիդացիա կձևավորվի:
Ապրիլի 13-ի ելույթից հետո պաշտոնական Երևանը առնվազն իր հրապարակային խոսքում առաջնային դարձրեց ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը: Առաջ քաշվեց այն բանաձևը, որ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման միջոց:
Այնուամենայնիվ, Փաշինյանի այս ելույթին հաջորդած ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունները այդպես էլ հանրությանը կամ առնվազն փորձագիտական շրջանակներին չեն ներկայացրել, թե հակամարտության լուծման ինչ մոդել են պատկերացնում նշաձողի իջեցման վերաբերյալ խոսելիս:
Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ նշաձողի իջեցման տրամաբանությունը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են բանակցել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի շուրջ: Սակայն մինչ այսօր նույնիսկ իշխանության ներսում չկա հստակ պատկերացում, թե ինչ տեսք և բովանդակություն պիտի ունենա այդ կարգավիճակը և ինչ բաղադրիչներով պետք է օժտված լինի:
Հատկանշական է, որ իշխող թիմի կողմից առաջին պլան մղվող ԼՂ բնակչության անվտանգության հարցում ևս, կարծես թե, կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ պատկերացումներ գոյություն չունեն: Անվտագության երաշխքիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների ընկալումները ևս խիստ տեսական ու ոչ առարկայական են:
Այդ առումով անհրաժեշտ է մի քանի պարզ իրողություններ արձանագրել կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցի հետ կապված․
- Միջազգային հանրության կողմից տրամադրված որևէ բանավոր կամ գրավոր խոստում, որը չի ենթադրում կոնկրետ մեխանիզմների ներդնում գետնի վրա, չի կարող անվտանգության երաշխիք համարվել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության համար:
- Ադրբեջանի՝ որևէ փաստաթղթով ստանձնած պարտավորություն, որը չի ենթադրում գետնի վրա դրա ապահովման կոնկրետ մեխանիզմ, ևս չի կարող դիտարկվել որպես անվտանգության երաշխիք: Միամտության վերին աստիճան է մտածել, որ Բաքուն աշխարհաքաղաքական հարմար կոնյունկտուրայի ու հնարավորություն դեպքում չի խախտելու իր ստանձնած պարտավարությունները: Անիրատեսական է նաև ակնկալել որևէ լուրջ միջազգային արձագանք Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտման դեպքում:
- Արցախահայության անվտանգության ապահովման որևէ իրական երաշխիք չի կարող գոյություն ունենալ առանց Լեռնային Ղարաբաղում մշտական խաղաղապահ առաքելության առկայության: Անվտանգության հավելյալ երաշխիք կարող է լինել նաև միջազգային դիտորդների ու միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ:
- Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման մեկ այլ կարևորագույն երաշխիքը տեղական ինքնապաշտպանական ուժերի գոյությունն է: Հայաստանի իշխանությունների կողմից այս բաղադրիչի անտեսման պարագայում ևս անիմաստ է խոսել արցախահայության անվտանգության մասին:
Առանց վերոնշյալ իրողությունները հաշվի առնելու՝ ԼՂ բնակչության անվտանգության վերաբերյալ բոլոր խոսակցությունները ոչ միայն չափազանց տեսական են, այլև ուտոպիստական: Միայն գետնի վրա առկա կոնկրետ երաշխիքները կարող են Լեռնային Ղարաբաղում անվտանգության իրական մեխանիզմներ ստեղծել:
Եթե ՀՀ իշխանությունները խուսափում կամ խուսափելու են այդ մեխանիզմների անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց՝ մտածելով, որ դրանք երբեք ընդունելի չեն լինելու Ադրբեջանի համար և փակուղու մեջ են մտցնելու խաղաղ կարգավորման գործընթացը, ապա պետք է արձանագրել, որ իշխող թիմը ոչ թե ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների շուրջ է պատրաստ բանակցել Բաքվի հետ, այլ Արցախի աստիճանական հայաթափման գնով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:
Իսկ ԼՂ բնակչության անվտանգությունը ապահովող կոնկրետ մեխանիզմների բացակայության պարագայում ապագայում հայ-ադրբեջանական խաղաղ համակեցության վերաբերյալ բոլոր խոսակցությունները ցինիզմի ու անպատասխանատվության հերթական դրսևորումներ են: Իշխող թիմի տարբեր անդամներ պետք է վերջապես հասկանան, որ իրենք խաղաղաշինական ծրագրի մասնակիցներ կամ կազմակերպիչներ չեն, այլ քաղաքական մի ուժի ներկայացուցիչներ, որը կառավարության ծրագրով ստանձնել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի դերը: