Առանց գետնի վրա հստակ մեխանիզմների առկայության ԼՂ բնակչության համար անվտանգության երաշխիքներ չեն կարող լինել

Ստեփանակերտ քաղաքը Տեսարան Ստեփանակերտից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022-ի ապրիլի 13-ի ելույթից հետո Հայաստանի պաշտոնական հռետորաբանությունն ու դիրքորոշումները Ղարաբաղյան հիմնահարցում զգալի փոփոխության են ենթարկվել: Փաշինյանն իր այդ ելույթում նշել էր, որ միջազգային հանրությունը հորդորում է Հայաստանին իջեցնել կարգավիճակի հարցում նշաձողը: Նա պնդում էր, որ Երևանի այդ քայլից հետո Հայաստանի շուրջ լուրջ միջազգային կոնսոլիդացիա կձևավորվի:

Ապրիլի 13-ի ելույթից հետո պաշտոնական Երևանը առնվազն իր հրապարակային խոսքում առաջնային դարձրեց ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների հարցը: Առաջ քաշվեց այն բանաձևը, որ կարգավիճակը ոչ թե նպատակ է, այլ արցախահայության անվտանգության և իրավունքների ապահովման միջոց:

Այնուամենայնիվ, Փաշինյանի այս ելույթին հաջորդած ամիսների ընթացքում ՀՀ իշխանությունները այդպես էլ հանրությանը կամ առնվազն փորձագիտական շրջանակներին չեն ներկայացրել, թե հակամարտության լուծման ինչ մոդել են պատկերացնում նշաձողի իջեցման վերաբերյալ խոսելիս:

Ընդհանուր առմամբ ակնհայտ է՝ նշաձողի իջեցման տրամաբանությունը ենթադրում է, որ ՀՀ իշխանությունները պատրաստ են բանակցել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի որևէ կարգավիճակի շուրջ: Սակայն մինչ այսօր նույնիսկ իշխանության ներսում չկա հստակ պատկերացում, թե ինչ տեսք և բովանդակություն պիտի ունենա այդ կարգավիճակը և ինչ բաղադրիչներով պետք է օժտված լինի:

Հատկանշական է, որ իշխող թիմի կողմից առաջին պլան մղվող ԼՂ բնակչության անվտանգության հարցում ևս, կարծես թե, կոնկրետ մեխանիզմների վերաբերյալ պատկերացումներ գոյություն չունեն: Անվտագության երաշխքիների վերաբերյալ ՀՀ իշխանությունների ընկալումները ևս խիստ տեսական ու ոչ առարկայական են:

Այդ առումով անհրաժեշտ է մի քանի պարզ իրողություններ արձանագրել կարգավորման գործընթացում Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգության հարցի հետ կապված․

  1. Միջազգային հանրության կողմից տրամադրված որևէ բանավոր կամ գրավոր խոստում, որը չի ենթադրում կոնկրետ մեխանիզմների ներդնում գետնի վրա, չի կարող անվտանգության երաշխիք համարվել Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ բնակչության համար:
  2. Ադրբեջանի՝ որևէ փաստաթղթով ստանձնած պարտավորություն, որը չի ենթադրում գետնի վրա դրա ապահովման կոնկրետ մեխանիզմ, ևս չի կարող դիտարկվել որպես անվտանգության երաշխիք: Միամտության վերին աստիճան է մտածել, որ Բաքուն աշխարհաքաղաքական հարմար կոնյունկտուրայի ու հնարավորություն դեպքում չի խախտելու իր ստանձնած պարտավարությունները: Անիրատեսական է նաև ակնկալել որևէ լուրջ միջազգային արձագանք Ադրբեջանի կողմից այդ պարտավորությունների խախտման դեպքում:
  3. Արցախահայության անվտանգության ապահովման որևէ իրական երաշխիք չի կարող գոյություն ունենալ առանց Լեռնային Ղարաբաղում մշտական խաղաղապահ առաքելության առկայության: Անվտանգության հավելյալ երաշխիք կարող է լինել նաև միջազգային դիտորդների ու միջազգային կազմակերպությունների մուտքը Արցախ:
  4. Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման մեկ այլ կարևորագույն երաշխիքը տեղական ինքնապաշտպանական ուժերի գոյությունն է: Հայաստանի իշխանությունների կողմից այս բաղադրիչի անտեսման պարագայում ևս անիմաստ է խոսել արցախահայության անվտանգության մասին:

Առանց վերոնշյալ իրողությունները հաշվի առնելու՝ ԼՂ բնակչության անվտանգության վերաբերյալ բոլոր խոսակցությունները ոչ միայն չափազանց տեսական են, այլև ուտոպիստական: Միայն գետնի վրա առկա կոնկրետ երաշխիքները կարող են Լեռնային Ղարաբաղում անվտանգության իրական մեխանիզմներ ստեղծել:

Եթե ՀՀ իշխանությունները խուսափում կամ խուսափելու են այդ մեխանիզմների անհրաժեշտության մասին բարձրաձայնելուց՝ մտածելով, որ դրանք երբեք ընդունելի չեն լինելու Ադրբեջանի համար և փակուղու մեջ են մտցնելու խաղաղ կարգավորման գործընթացը, ապա պետք է արձանագրել, որ իշխող թիմը ոչ թե ԼՂ բնակչության անվտանգության երաշխիքների շուրջ է պատրաստ բանակցել Բաքվի հետ, այլ Արցախի աստիճանական հայաթափման գնով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ:

Իսկ ԼՂ բնակչության անվտանգությունը ապահովող կոնկրետ մեխանիզմների բացակայության պարագայում ապագայում հայ-ադրբեջանական խաղաղ համակեցության վերաբերյալ բոլոր խոսակցությունները ցինիզմի ու անպատասխանատվության հերթական դրսևորումներ են: Իշխող թիմի տարբեր անդամներ պետք է վերջապես հասկանան, որ իրենք խաղաղաշինական ծրագրի մասնակիցներ կամ կազմակերպիչներ չեն, այլ քաղաքական մի ուժի ներկայացուցիչներ, որը կառավարության ծրագրով ստանձնել է Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի դերը:

Մեկնաբանել