Ինգուշական կայքի հիմնադիրը հայտնվել է ռուսական հետախուզման մեջ

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Ինգուշական «Ֆորտանգա» լրատվական կայքի հիմնադիր Իզաբելլա Էվլոևան հայտնվել է Ռուսաստանի դաշնային հետախուզման ցուցակում՝ ռուսական բանակի մասին «ապատեղեկատվություն տարածելու» համար։

Չորեքշաբթի ՌԴ Քննչական կոմիտեն Էվլոևայի դեմ քրեական գործ է հարուցել՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից ի վեր նույն հոդվածով երրորդ մեղադրանքն առաջադրելով նրան։

Այժմ Պրահայում գտնվող Էվլոևան OC Media-ին ասել է, որ իր փաստաբանը հաստատել է իր հետախուզման մեջ լինելու փաստը և հավելել, որ ինքը փորձում է պարզել՝ արդյոք հայտնվե՞լ է միջազգային հետախուզման որևէ ցուցակում։

«Միջազգային հետախուզումն, անշուշտ, կբարդացնի այն երկրների ընտրությունը, որտեղ կարող եմ գնալ,- ասում Էվլոևան:- Ես քաղաքական ապաստան ունեմ։ Դա ինձ պաշտպանում է։ Բացի այդ, ես լրագրող եմ, և գործը քաղաքական է, ուստի չեմ կարծում, որ ինձ կարտաքսեն՝ չնայած տելեգրամյան ալիքներով անվտանգության աշխատակիցների մշտական սպառնալիքներին»։

Ըստ նրա՝ ռուսական անվտանգության ուժերը մշտապես փորձել են շանտաժի ենթարկել իրեն՝ ոտնձգություններ կատարելով Ռուսաստանում մնացած իր ընտանիքի նկատմամբ, իսկ վերջին միջադեպը տեղի է ունեցել 2022-ի հունիսին։

«Նրանք եկան վաղ առավոտյան և թակեցին դուռը,- հիշում է Էվլոևան:- Մայրիկն ու հայրիկը բացեցին այն և անմիջապես հասկացան, որ դա խուզարկություն էր, երբ տեսան իրավապահների մի ամբոխի»:

Լրագրողը պատմել է, որ խուզարկության պատճառով մայրը հոսպիտալացվել է՝ հիպերտոնիկ ճնշմամբ։

«Այդ երեկո բարեկամներից մեկը զանգահարեց ինձ և ասաց, որ զրուցել է ուժայինների հետ, և նրանք ասել են, որ պետք է դադարեմ գրել իմ [սոցիալական ցանցերի] էջերում և «Ֆորտանգայում», հակառակ դեպքում նրանք կճնշեն ծնողներիս»:

«Նրանք հեգնանքով հարցրել են, թե ինձ դո՞ւր է գալիս, երբ իմ տարեց ծնողներին այդպես քարշ են տալիս [Քննչական կոմիտե]»,- պատմում է նա։ Չնայած ռուսական իշխանությունների ոտնձգություններին՝ Էվլոևան ծրագրում է սկսել նոր նախագծեր և «Ֆորտանգան» փոխանցել Ինգուշեթիայում գտնվող մեկ այլ անձի, որի անունը գաղտնի է պահում:

«Իմ հեռանալը [«Ֆորտանգայից»] չի լինի ճնշման կամ նման այլ բաների պատճառով, քանի որ ես լրագրողական այլ ծրագրեր ունեմ։ Ես կաշխատեմ ավելի մեծ նախագծերի վրա»:

Ավելի վաղ Էվլոևային հետաքննել էին 2019-ին Ինգուշեթիայում տեղի ունեցած բողոքի ցույցերի, ապա Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա լուսաբանելու համար։ Նրա դեմ երկու քրեական գործ է հարուցվել՝ Տելեգրամում լուրեր տարածելու միջոցով իր կայքի գրաքննությունը շրջանցելու փորձի համար։

Մեկնաբանել