Դավաճանության գործերով չորս անձի մեղադրական եզրակացությունները հանձնվել են դատարան․ ԱԱԾ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պետական դավաճանության և լրտեսության առթիվ հարուցված քրեական գործերով չորս անձանց մասով մեղադրական եզրակացությունները հուլիսին հանձնվել են դատարան։

«Հարուցված և դատարան հանձնված քրեական վարույթներով պարզվել է, որ գործակալական ցանցերում ներգրավված ՀՀ քաղաքացիների ծավալած հակապետական գործունեության արդյունքում օտարերկրյա հատուկ ծառայություններին հնարավորություն է տրվել հստակ տեղեկանալ հայկական զորքերի, զորամիավորումների, զինվորական տեխնիկայի տեսակի, թվաքանակի, նրանց հնարավոր մարտավարության՝ հարձակման, պաշտպանության, հանդիպակաց մարտի, մարտավարական վերադասավորումների և այլնի վերաբերյալ, ընդհուպ մինչև՝ քարտեզի վրա տեղորոշված եղանակով ստանալով հայկական ուժերի աշխարհագրական հստակ կոորդինատները»,- ասված է հաղորդագրությունում։

Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, ովքեր ծառայության բերումով հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող փաստաթղթերի ու տեղեկությունների։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միայն 2022-ի ընթացքում պետական դավաճանություն կատարելու դեպքերով հարուցված քրեական վարույթներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել ընդհանուր թվով 5 քրեական վարույթներ 12 անձանց վերաբերյալ։

Մեկնաբանել