Կարսի բնակիչները կողմ են Հայաստանի հետ սահմանի բացմանը․ թուրքական կայքի անդրադարձը

Armenia Turkey border

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հանգեցրել է կոնկրետ քայլերի, գրում է թուրքական Bianet.org կայքի հոդվածագիր Ռուքեն Թունջելը՝ որպես արդյունք նշելով, որ հուլիսի 11-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել։ Կայքում հրապարակված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Երկու երկրների միջև խորհրդակցություններից հետո հուլիսի 14-ին մեկնարկել են ականազերծման աշխատանքները՝ Հայաստանի հետ սահմանամերձ Կարսի նահանգի Աքյաքա շրջանում։ Ի՞նչ է սա նշանակում և ինչպե՞ս կանդրադառնա Կարսի վրա։

«Ականազերծումը ձևականություն է»

Նաիֆ Ալիբեյօղլուն, որը 1999-2009-ին եղել է Կարսի քաղաքապետը, ասում է, որ ամենակարևոր ձեռքբերումը սահմանային անցակետերի վերաբացումն է ու հավելում՝ «ականազերծումը մի քիչ ձևական է»։

Նա վերհիշում է, որ 2001-ին, երբ քաղաքապետ էր, ստորագրահավաք էին սկսել սահմանային անցակետերի վերաբացման համար և հավաքել 50 000 ստորագրություն․ քաղաքի գրեթե բոլոր բնակիչները ցանկանում են, որ սահմանը բացվի։

Տարածաշրջանային խաղաղություն

«Այսօր ժողովուրդը մեծ հույսով է ակնկալում նաև սահմանային անցակետերի բացումը,- ասում է նա։- Դա չպետք է դիտարկվի միայն որպես առևտրի հարց, նպատակը պետք է լինի տարածաշրջանային խաղաղության ապահովումը: Ժողովուրդն այժմ խաղաղության կարիք ունի: Ձեռնարկվելու են քայլեր առևտրի, մշակույթի, սպորտի ոլորտներում, որոնք կնպաստեն խաղաղության հաստատմանը։ Այս քայլերն անելու համար ջանքեր են պետք»։

«Ականազերծումը, իհարկե, արժեքավոր է, բայց ժողովուրդը չի օգտվում ականապատ տարածքից և չի անցնում այդ տարածքներով։ Սահմանային անցումները, երկաթուղին և օդուղիները պետք է հնարավորինս շուտ բացվեն։ Այս քայլերը պետք է իրականացվեն՝ ցույց տալու նորմալացման լրջությունը»։

Տնտեսությունը նոր շունչ կստանա

«Հայաստանի հետ լարվածության պատճառով Կարսը երկար տարիներ եղել է միգրանտներ արտահանող նահանգ,- ասում է Ալիբեյօղլուն՝ հավելելով,- Մինչև 1999-ը Կարսի բնակչությունը կազմում էր 325 000 մարդ։ Այսօր Կարսի բնակչությունը նվազել է մինչև 225 000։ Չնայած բարձր ծնելիությանը՝ բնակչության թիվը նվազում է։ Կարսից մեծ է միգրանտների թիվը, քանի որ շրջանում անասնաբուծությունից բացի այլ բանով զբաղվել հնարավոր չէ»:

«Սակայն, եթե Հայաստանի հետ խնդիրը լուծվի, Կարսը և, հետևաբար, Թուրքիան, հսկայական տնտեսական օգուտ կունենան: Գործարանները լքված են, քանի որ փակ են սահմանային անցակետերն ու երկաթուղին: Եթե Դողուքափը և Ալիջան սահմանային անցակետերը վերաբացվեն, տնտեսությունը նորից կաշխուժանա»,- ասում է Կարսի նախկին քաղաքապետը։

Ժողովուրդն է վճարում գինը

Հայաստանի և Կարսի բնակիչները խաղաղություն են ուզում, ասում է Ալիբեյօղլուն՝ վերհիշելով 1999-ին Գյումրի իր այցը։ «Գյումրիից պատվիրակություն էր եկել Կարս և մեզ հրավիրել Գյումրի։ Որպես Էրզրումից, Կարսից և Իգդիրից պատվիրակություն՝ մենք այցելեցինք Գյումրի։ Նրանք մեծ հետաքրքրություն դրսևորեցին մեր նկատմամբ, մենք մասնակցեցինք հեռուստաալիքի ուղիղ եթերին, և հայ պաշտոնյաները մեզ ասացին, որ պետք է նայենք դեպի ապագա և կառուցենք ընդհանուր ապագա»,- նշում է Ալիբեյօղլուն։

«Երբ մենք դուրս եկանք փողոց, ժողովուրդը մեզ ասում էր, որ պետք է անցյալում թողնել տառապանքը և խաղաղություն հաստատել։ Ուրեմն ժողովուրդը խաղաղություն է ուզում, բայց հաստատված ստատուս քվոն չի բխում խաղաղությունից․ որոշ մարդիկ օգտվում են այս իրավիճակից, իսկ դրա գինը վճարում է ժողովուրդը»,- ասում է նա:

Երեք տասնամյակ առանց ուղիղ առևտրի

Երկու երկրները որոշել են կարգավորել հարաբերությունները 2020-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո: Շուրջ երեսուն տարի դիվանագիտական և առևտրային հարաբերություններ չունեցած Թուրքիայի և Հայաստանի հատուկ բանագնացները առաջին անգամ հանդիպեցին այս տարվա փետրվարին՝ 2009-ին նախաձեռնված կարգավորման գործընթացից ի վեր, որն ի վերջո դադարեցվեց:

Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանային անցակետերը փակվել են 1993-ին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Մինչև սահմանային անցակետերի փակումը երկրների միջև երկաթուղին բաց էր ինչպես ճանապարհորդության, այնպես էլ առևտրի համար:

Թարգմանությունը՝ Զառա Պողոսյանի

Մեկնաբանել