Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ

Երևանյան լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ, առաջիկայում մեկնարկելու է մաքրման աշխատանքների երկրորդ փուլը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

«Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով կշարունակվեն Երևանյան լճի և Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքները: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը: Հարկ է նշել, որ առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ։ Երևանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ»,- ասված է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության արդյունքների մասին հաղորդագրությունում։

Խորհրդակցությանը քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը դժգոհություն է հայտնել շինհրապարակների ոչ պատշաճ կազմակերպման առնչությամբ: Ըստ նրա՝ ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի քաղաքի բնակիչներին: Հանձնարարվել է ստուգայցերով մշտական հսկողություն սահմանել և հետևել, որ շինհրապարակներում պահպանվեն կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմանները:

Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի: «Հրազդան» մարզադաշտի մոտակայքում համայնքն ազատ տարածք ունի, որն էլ կօգտագործվի այդ նպատակով: Նախագծային մրցույթն արդեն կայացել է:

Մեկնաբանել