ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը զրուցել է Միրզոյանի և Բայրամովի հետ

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը օգոստոսի 1-ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։

«Նրանք քննարկել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին ընձեռված պատմական հնարավորությունը։ Փոխպետքարտուղարը վերահաստատել է տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցության ուղիների բացմանն աջակցելու Միացյալ Նահանգների առաջարկը»,- ասված է հաղորդագրությունում։

Դոնֆրիդը կողմերին կոչ է արել թուլացնել սահմանների լարվածությունը և շարունակել երկխոսությունը։

Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ Միրզոյան-Դոնֆրիդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր․ «Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը»,- ասված է հայկական կողմի հաղորդագրությունում։

Մեկնաբանել