Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի նոր միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Հուլիսի 27-ին Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել նոր միջպետական ամբողջական գանգատ ընդդեմ Ադրբեջանի, տեղեկացնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի Ֆեյսբուքի էջը։

Գանգատը վերաբերում է 2022-ին Ադրբեջանի կողմից Արցախի Խրամորթ և Փարուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը։

«Նշված գնագատը, ի թիվս այլնի, վերաբերում է նաև Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի առաջին անգամ միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ 2021-ի փետրվարի 1-ին՝ 44 օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:

ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։

Մեկնաբանել