Միխեիլ Սաակաշվիլին «հեռանում է վրացական քաղաքականությունից»

Լուսանկարում՝ Միխեիլ Սաակաշվիլին դատարանում, ապրիլի 20. Կադրը՝ Kakvasia հեռուստաալիքի տեսանյութից։

Շոթա Կինչա, OC Media

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբանական թիմը հայտարարել է, որ նա ծրագրում է հեռանալ վրացական քաղաքականությունից՝ առաջնահերթություն տալով իր առողջությանը։

Հայտարարությունից հետո երկրի ամենամեծ, Սաակաշվիլիի հիմնած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱԿ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան ասել է, որ ուղերձը «արդեն վնաս է [կուսակցության] և ողջ ընդդիմադիր դաշտին»։

Չնայած 2013-ին Վրաստանից հեռանալուն և 2015-ին Ուկրաինայում պետական պաշտոն զբաղեցնելու համար Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելուն՝ Սաակաշվիլին մնացել է Վրաստանի ամենաազդեցիկ ընդդիմադիր գործիչը, այդ թվում՝ ՄԱԿ-ում:

Սաակաշվիլին բանտարկվել է 2021-ի հոկտեմբերին՝ բեռնանավով գաղտնի Վրաստան ժամանելուց հետո։ Այդ ժամանակվանից նրա առողջական վիճակը շահարկումների առարկա է դարձել նրա կողմնակիցների և քննադատների շրջանում, իսկ մայիսին նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ հացադուլից հետո ապաքինվելու համար: Նա այժմ կրում է վեց տարվա ազատազրկում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կանգնած է իր իշխանավարման տարիների հետ կապված մի քանի այլ մեղադրանքների առաջ։

Կարդացեք նաև՝ 2007-ի ցույցերի բռնաճնշումները՝ Սաակաշվիլիի ամենամեծ սխա՞լը

Լքում է վրացակա՛ն քաղաքականությունը

Հուլիսի 31-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սաակաշվիլիի փաստաբաններից մեկը՝ Վալերի Գելբախիանին, մեջբերեց Սաակաշվիլիին, ասելով, որ ինքը կորցրել է հետաքրքրությունը ինչպես «Միացյալ ազգային շարժման», այնպես էլ վրացական քաղաքականության նկատմամբ, քանի որ «ամբողջությամբ կենտրոնացած է իր առողջությունը վերականգնելու վրա»։

«Նա ասաց, որ միայն այն դեպքում, երբ առողջությունը վերականգնվի, ինչի համար երկար ժամանակ է պետք, և եթե նա վերադառնա քաղաքականություն, կվերադառնա միայն և բացառապես Ուկրաինայում, և բացարձակապես ոչ Վրաստանում»։

Գելբախիանին նաև պնդել է, որ Սահակաշվիլին իր որոշման վերաբերյալ չի խորհրդակցել կուսակցության հետ և չի ծրագրել դա անել: Նույն օրը ավելի ուշ նույնը պնդել է թիմի մեկ այլ փաստաբան՝ Շալվա Խաչապուրիձեն:

«Նա պնդում է, որ լքել է վրացական քաղաքականությունը և իր կուսակցությունը, և որ չի ցանկանում որևէ առնչություն ունենալ Վրաստանում քաղաքականության հետ», – կիրակի «Փիրվելի» հեռուստաալիքին ասել է Խաչապուրիձեն։

Նիկա Մելիան և «Միացյալ ազգային շարժման» մյուս առաջնորդները հերքել են Սաակաշվիլիի «հեռանալու» հավանականությունը։ Մելիան բացահայտորեն դա անվանել է փաստաբանների կիրառած իրավական կամ քաղաքական «ռազմավարություն»: Մելիան անդրադարձել է Սաակաշվիլիի պաշտպանության հնարավոր գծին, ըստ որի՝ նրա առողջական վիճակի պատճառով պատրաստ է լքել Վրաստանը՝ ազատության կամ դատավճիռը հետաձգելու դիմաց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները, որոնք հիմնականում համակարծիք են հնարք լինելու շուրջ, իսկույնևեթ բացառել են դրա հնարավորությունը: Սաակաշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու մասին պնդումներին արձագանքել է նաև նրա որդին՝ Էդուարդ Սաակաշվիլին, որը հուլիսի 27-ին հոր ապագան վրացական քաղաքականությունում որակել է «անորոշ»:

«Ես զգում եմ, որ հանրության շրջանում լայն հետաքրքրություն կա հորս առողջության նկատմամբ, բայց [նաև] նշում եմ, որ շատերի համար հայրս ապագայի առաջնորդը չէ», – ասաց նա:

«Կարծում եմ՝ նա ինքն է ընդունում, որ իր ակտիվ քաղաքական կարիերան կարող է ապագա ունենալ այնտեղ [Ուկրաինայում]»։

Մեկնաբանել