Սիրիացի ընդդիմադիր խմբավորումները հավաստիացնում են, որ ռուս գեներալ է սպանվել

Այսօր Սիրիայում ընդդիմադիր խմբավորումները հավաստիացրել են, որ սպանվել է մի ռուս գեներալ, ով խորհրդական էր աշխատում Սիրիայի պաշտպանության նախարարությունում: Նա սպանվել է մայրաքաղաք Դամասկոսի ծայրամասային Ղուտա շրջանում ռազմական գործողությունների ժամանակ:

«Բազե հատուկ գործողությունների գումարտակ»-ի տարածած տեսագրության մեջ նշվում է ռուս գեներալի անունը, այն է `Վլադիմիր Պետրովիչ Կոչև:

«Պաշտպանության նախարարության ռուս խորհրդականը և նրա անձնական թարգմանիչ Ահմադ Ալ Այյուքը սպանվել են», տեսագրության մեջ ասում է Բազե գումարտակի լեյտենանտ Մաջիդ Սեյյեդ Ահմադը:

«Սա ցույց է տալիս սիրիական վարչակարգի կատարած ոճրագործություններում Ռուսաստանի ամոթալի դերակատարությունը » հավելել է նա:

Հայտարարության մեջ չի ասվում, թե երբ է սպանվել Կոչևը, սակայն մի ընդդիմադիր անձ, ով կապ ունի այս ինքնակոչ խմբի հետ, չցանկանալով նշել իր անունն, ասել է, որ ռուս գեներալը սպանվել է մոտ երկու շաբաթ առաջ: Իսկ հայտարարությունը տարածվել է օգոստոսի 5-ին:

Մյուս կողմից, ռուսական հայտարարությունները իրարամերժ են: Սիրիայում ՌԴ դեսպանոթյունը հանդես է եկել հայտարարությամբ, որը հերքել է սիրիացի ապստամբների կողմից ռուս գեներալի սպանության լուրը: Այս մասին հաղորդել է «Ռիա նովոստին»՝ վկայակոչելով ռուսական դեսպանության ներկայացուցչին: Սիրիայում ռուս գեներալի սպանության վերաբերյալ տեղեկությունը հերքել է նաև Ռուսաստանի ուժային կառույցների ներկայացուցիչը, որը նման կարգի տեղեկությունները «սադրանք» է որակել:

«Այս անվամբ գեներալի կոչումով մարդ երբևէ գոյություն չի ունեցել, հետևաբար՝ նրա սպանության մասին լուրը զառանցանք է և սուտ», – ասել է աղբյուրը:

Միևնույն ժամանակ ռուսական interfax լրատվամիջոցը փոխանցում է, թէ գեներալը ողջ է և իր ընտանիքի հետ ապրում է Մոսկվայում: Նույն աղբյուրը նշում է նաև, որ գեներալը որպես խորհրդական աշխատել է Սիրիայի պաշտպանության նախարարությունում, սակայն վաղուց թոշակի է անցել և այդ ժամանակից ի վեր չի այցելել Սիրիա:

Նշենք, որ Ռուսաստանը Սիրիայում տեղակայել է հարյուրավոր զինծառայողներ և դեռևս շարունակում է մնալ այն քիչ երկրներից, ով դիվանագիտորեն աջակցում է Ասադին:

Մեկնաբանել