Խաղաղության պայմանագիր առանց ԼՂ հարցի. մտահոգիչ հանգամանքներ ու վտանգներ

Հուլիսի 29-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարոտւղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես» գործակալության հետ հարցազրույցում խոսել է հայ-ադրբեջանական տարբեր գործընթացներում առկա իրավիճակի և այդ գործընթացներում Հայաստանի դիրքորոշումների մասին: Հարցազրույցի ընթացքում Գրիգորյանը հետաքրքրիր մեկնաբանություն է արել Ադրբեջանի հետ աղաղության պայմանագրի խնդրի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է.

«Մենք բազմիցս ենք ասել, որ Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար տարածքային հարց չէ: Այդ առումով մեզ համար սկզբունքային է Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները: Վարչապետ Փաշինյանը ԱԺ-ում ունեցած ելույթներից մեկում նշեց, որ կա գաղափար՝ ԼՂ հարցը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից: Մենք հիմա ակտիվորեն պիտի քննարկենք այդ տարբերակը եւ որոշենք ինչպես առաջ ընթանալ»:

Եթե Անվտանգության խորհրդի քարտուղարի արտահայտած այս տեսակետը արդեն իսկ ՀՀ պաշտոնական դիրքորոշումն է Ադրբեջանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հարցի վերաբերյալ, ապա պետք է արձանագրել, որ Երևանի դիրքորոշումը այս հարցում երեք ամսվա ընթացքում փոփոխության է ենթարկվել 180 աստիճանով:

Ադրբեջանական կողմը ամսիներ առաջ Հայաստանին էր փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկների ու սկզբունքների 5-կետանոց փաթեթը: Այդ փաթեթը ենթադրում է, որ կողմերը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, սահմանների անքաքտելիությունն ու քաղաքական անկախությունը: Նրանք պետք է նաև հաստատեն, որ միմյանց նկատմամբ չունեն տարածքային հավակնություններ ու ապագայում նույնպես նման հավակնություններից հրաժարվելու պարտավորություն ստանձնեն: Ադրբեջանական փաթեթի մյուս կետերով Երևանն ու Բաքուն պիտի պարտավորվեն հրաժարվել միմյանց նկատմամբ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, իրականացնեն սահմանազատում, սահմանագծում և դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ինչպես նաև բացել տրանսպորտային կոմունիկացիաներն ու ուղիները:

Ադրբեջանական այս 5-կետանոց փաթեթեին հայկական կողմը պատասխանել էր իր 6-կետանոց փաթեթով: Հայաստանի ներկայացրած 6 կետերից ամենակարևորը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությանը, իրավունքների պաշտպանությանը և ԼՂ վերջնական կարգավիճակի հարցին: Երևանը ամիսներ շարունակ պնդում էր, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմքը պետք է դառնան այս երկու փաթեթները:

Այնուամենայնիվ, Ադրբեջանի իշխանությունները ի սկզբանե կտրականապես հրաժարվում էին ընդունել « 5+6»-ը որպես բանակցությունների հիմք: Բաքուն հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության խնդիրներ այլևս չկան և որ իրենք Երևանի հետ այս թեմաներով բանակցելու նպատակ չունեն:

Խաղաղության պայմանագրի վերաբերյալ կողմերի մոտեցումների մեջ այս առանցքային տարբերությունը բանակցային գործընթացում լճացման ու որոշակի փակուղու պատճառ է դարձել: Այս գործընթացում առաջընթացի բացակայությունը բարդացնում է բանակցությունները նաև հայ-ադրբեջանական համատեքստի մյուս երկու գործընթացներում, քանի որ Ադրբեջանի համար ամենակարևոր խնդիրը հենց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է: Այդ առումով Արմեն Գրիգորյանի հայտարարությունը ամենայն հավանականությամբ նպատակ է հետապնդում հաղթահարել հայ-ադրբեջանական համատեքստում առկա փակուղին և բովանդակային աշխուժություն մտցնել բանակցությունների մեջ:

Այնուամենայնիվ, այս հայտարարության հետ կապված մի շարք մտահոգիչ հանգամանքներ ու վտանգներ գոյություն ունեն:

Առաջին մտահոգիչ հանգամանքն այն է, որ հայկական կողմը հերթական անգամ շատ կարճ ժամանակահատվածում փոխում է դիրքորոշումը կարևորագույն հարցերից մեկում: Սա պաշտոնական Երևանի վարած քաղաքականության անլրջության կարևոր ցուցիչ է:

Այս հայտարարության հետ կապված երկրորդ խնդիրը այն է, որ այն ակնհայտորեն արվել է Ադրբեջանի ռազմական սպառնալիքի առկայության պայմաններում: Այդ առումով հայաստանյան պաշտոնյաների կողմից Ղարաբաղյան թեմայով վերջին շրջանում հնչեցվող հայտարարությունները ավելի շատ ադրբեջանական պարտադրանքի տպավորություն են թողնում:

Սակայն Արմեն Գրիգորյանի հայտարարության հետ կապված գլխավոր վտանգն այն է, որ այս մոտեցումը կարող է հանգեցնել ոչ թե Լեռնային Ղարաբաղի հարցի տարանջատմանը Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացից, այլ Լեռնային Ղարաբաղի թեմայի վերջնական փակմանը: Սա նաև Բաքվի գլխավոր նպատակն է:

Պետք է նշել, որ Գրիգորյանի հայտարարության մեջ հնչեցված մոտեցումը ինքնին խնդրահարույց չէ: Ավելին, ճիշտ իրագործման դեպքում այն կարող է առկա պայմաններում առաջ շարժվելու ամենախելամիտ տարբերակը լինի: Սակայն վերոնշյալ վտանգը չեզոքացնելու համար հայկական կողմը պետք է կարողանա հասնել նրան, որ Ադրբեջանի հետ ստորագրվելիք որևէ փաստաթղթում հստակ արձանագրվի՝ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, և Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի շուրջ բանակցություններ դեռ պետք է տեղի ունենան:

Այնուամենայնիվ, առկա իրողությունների պայմաններում դժվար է պատկերացնել, որ Երևանը կարող է հասնել այդ նպատակին: Եթե անգամ Երևանն այս կետի ներառումը փաստաթղթի մեջ դարձնի իր դիրքորոշման մաս, մեծ է հավանականությունը, որ որոշ ժամանակ անց Ադրբեջանի ճնշման ներքո հայկական կողմը հրաժարվի նաև այդ մոտեցումից: Այդ առումով, ինչպես արդեն նշվեց, մեծ է հավանականությունը, որ Արմեն Գրիգորյանի հնչեցրած մոտեցումը կարող է հանգեցնել եթե ոչ Լեռնային Ղարաբաղի թեմայի ամբողջական փակմանը, ապա առնվազն այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման զգալի ուժեղացմանը:

Թեմայի վերաբերյալ դիտե՛ք Տիգրան Գրիգորյանի հեղինակային հաղորդումը․

Մեկնաբանել