«Վարդանանց» երգչախմբի նման պատկառելի խումբ փառատոնը չի ունեցել. Հրանուշ Հակոբյան

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» շրջանակում Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը կայացել է Ստամբուլի Դպրաց դասի «Վարդանանց» երգչախմբի եզրափակիչ համերգը, տեղեկացնում է սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունը: Համերգին հնչել են ինչպես հայ մեծանուն դասականների, այնպես էլ աշխարհահռչակ այլ երաժիշտների ստեղծագործություններ: Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարությանը համերգի կազմակերպման համար, կարևորել է, որ «Վարդանանց» երգչախումբը, մասնակցելով «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին, թողել է իր անմոռանալի կնիքը և բարձր պահել պոլսահայության պատիվը: Նա նշել է, որ երգչախմբի անդամների մի մասն առաջին անգամ է Հայաստանում և, որ նրանք հիացած են ու բառերով չեն կարող արտահայտել իրենց զգացումները:

ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով ներկաներին, ասել է. «Արդեն մի քանի ամիս է, ինչ «Իմ Հայաստան» փառատոնը տարերքի մեջ է և ընդունել է 40-ից ավելի խմբեր, սակայն այսպիսի պատկառելի խումբ` այսպիսի պատկառելի առաջնորդությամբ, չէինք ունեցել: Երգչախմբի բաձրարվեստ կատարումները թողեցին մեծ տպավորություն, և բոլորիս հոգին հոգեպարար, հոգեշունչ երաժշտությամբ այս գիշեր խաղաղվեց»:

Նախարարը խորին շնորհակալություն է հայտնել պոլսահայությանը՝ Պոլսում հայկական ավանդույթներն ու սովորույթները պահպանելու համար: Եվ բարձր է գնահատել «Վարդանանց» երգչախմբի անդամների փայլուն ու բարձրարվեստ կատարումները:

Այնուհետև Հրանուշ Հակոբյանը երգչախմբի ղեկավար Ատրուշան Հալաջյանին պարգևատրել է սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, իսկ երգչախմբի դաշնակարուհի, երգեհոնահարուհի Լուսի Գահվէճիօղլուին հանձնել է սփյուռքի նախարարության պատվոգիր` ազգանվեր գործունեության, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ավանդի համար:

Մեկնաբանել