Լուիզա Մչեդիլիշվիլի, OC Media
Չեչնիայում գործող իրավապաշտպաններն ահազանգել են, որ ոստիկանությունն առևանգել է մի տղամարդու և նրա երկու ծանոթներին նրանց սեռական կողմնորոշման պատճառով։
Հուլիսի 25-ին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում էր, թե ինչպես է անհայտ անձը հարցաքննում Գրոզնիի բնակիչ Ռիզվան Դադաևին՝ նրան ստիպելով խոստովանել, որ «ցանկացել է սեռական հարաբերություն ունենալու նպատակով հանդիպել մի տղայի հետ»:
Իրավապաշտպան և Russian LGBT+ Network կազմակերպության նախկին տնօրեն Իգոր Կոչետկովն ասել է, որ Դադաևին «մահացու վտանգ կարող է սպառնալ» և վկայակոչել է «Չեչնիայում նույնասեռական և բիսեքսուալ մարդկանց անհետացման և խոշտանգումների բազմաթիվ դեպքերը»։
Իրավապաշտպանն ասել է, որ դիմել է Քննչական կոմիտե, Դատախազություն և ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարին՝ խնդրելով բացահայտել տղամարդուն բերման ենթարկելու և տեսանյութը նկարահանելու համար պատասխանատու անձանց, հետաքննել նրանց գործողությունների օրինականությունը և գտնել ու հարցաքննել Դադաևին իր իրավունքների հնարավոր խախտման վերաբերյալ:
Կոչետկովը հավելել է, որ Դադաևի ծանոթները «հասկանալի պատճառներով» վախենում են դիմել իրավապահ մարմիններին։
Ըստ SOS North Caucasus տելեգրամյան ալիքի, որն աջակցում է Հյուսիսային կովկասում ԼԳԲՏ համայնքին և նրանց ընտանիքներին, Դադաևի ծանոթները պնդում են, որ ոստիկանությունն է պատասխանատու նրան բերման ենթարկելու և տեսանյութը հրապարակելու համար:
Տելեգրամյան այս ալիքը նաև հայտնել է, որ Դադաևի ձերբակալությունից հետո անհետացել է ևս երկու մարդ, որոնց հեռախոսահամարները եղել են Դադաևի հեռախոսի կոնտակտային ցանկում։ Անհետացած մարդկանց ընկերները պնդում են, որ նրանց անհետացումը նույնպես կապված է նրանց սեռական կողմնորոշման հետ։
Russian LGBT+ Network կազմակերպությունը Հյուսիսային Կովկասում բնակվող և Դադաևի հետ նախկինում շփումներ ունեցած ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին նախազգուշացրել է խուսափել ծանոթությունների կայքերում կամ սոցիալական ցանցերում այլ մարդկանց հետ շփումներից՝ պնդելով, որ ոստիկանությունն օգտագործում է նրա սոցիալական ցանցերի օգտահաշիվները՝ բացահայտելու ԼԳԲՏ համայնքի այլ ներկայացուցիչների։
Կազմակերպությունը նաև Գրոզնիում ապրող ԼԳԲՏ մարդկանց զգուշացրել է խուսափել հանդիպելուց այն մարդկանց, որոնց հետ կապ են հաստատել ծանոթությունների հավելվածների և ընդհանրապես սոցցանցերի միջոցով՝ պնդելով, որ ոստիկանությունը կեղծ պրոֆիլներ է օգտագործում ԼԳԲՏ մարդկանց հայտնաբերելու համար:
«Եթե դուք ներկայումս Գրոզնիում եք, խնդրում ենք լինել զգոն և փորձել խուսափել հանդիպումներից»,- ասվում է կազմակերպության տարածած հայտարարությունում։