Ադրբեջանը Ուկրաինային զենք մատակարարո՞ւմ է. պնդումների հետքերով

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Ադրբեջանը ռուս-ուկրաինական պատերազմի հարցում իրեն դիրքավորել է որպես չեզոք։ Այն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հակառուսական քվեարկություններին չի մասնակցել: Փոխարենն Ադրբեջանը Ուկրաինային տրամադրել է հումանիտար օգնություն և դեղորայք։ Իսկ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) Ուկրաինայում գտնվող բենզալցակայանները շտապ օգնության և փրկարար ծառայության մեքենաներն անվճար էին լիցքավորում։

Միաժամանակ, վերջին ամիսներին տեղեկություններ են տարածվել, որ Ադրբեջանը Ուկրաինային փոխանցել է առնվազն երկու զինատեսակ։ Դրանք չեն հաստատվել ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Ուկրաինայի կողմից։ #CivilNetCheck-ը ստուգել է հրապարակված տեղեկություների իսկությունը։

Ավիառումբեր

Վերջին օրերին տարբեր հարթակներով տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանն Ուկրաինային է մատակարարել ավիառումբեր։ Տեղեկության սկզբնաղյուրը իրաքյան «Sabereen News» անվանումով թելեգրամյան ալիքն է, որը հուլիսի 27-ին հրապարակել է փաստաթղթեր։ Ըստ ալիքի՝ ապացուցվում է, որ 2022-ի ապրիլին Ադրբեջանի ՊՆ-ին ենթակա «CIHAZ» արդյունաբերական ասոցիացիան Ուկրաինայի զենքի առևտրով զբաղվող պետական «Ուկրսպեցէքսպորտ» (Укрспецекспорт) ընկերությանն է մատակարարել ռումբեր։ Ըստ փաստաթղթերի՝ մատակարարումը պետք է իրականացվեր ուկրաինական «Meridian» ավիաուղու միջոցով՝ Սուդանի մայրաքաղաք Խարթումի և Լեհաստանի Ժեշուվ քաղաքի երթուղով։

Թելեգրամյան ալիքը նշում է, որ փաստաթղթերից պարզ չէ, թե ինչ ռումբեր են Ադրբեջանից փոխանցվել Ուկրաինային, սակայն դրանք, ամենայն հավանականությամբ, Սու-24 ռմբակոծիչների համար են։ Հրապարակված փաստաթղթերում նշված է 32 գերճշգրիտ կառավարվող ռումբի մասին, որոնցից յուրաքանչյուրի քաշը 270 կգ է։ Ռուսական թելեգրամյան մի քանի ալիք պնդում են, որ խոսքը QFAB-250 LG լազերային գերճշգրիտ կառավարվող ռումբի մասին է, որը ևս նույնքան ծանրություն ունի։ Այն ստեղծվել է Ադրբեջանի ՊՆ-ի և թուրքական «Aselsan» ռազմարդյունաբերական ընկերության կողմից և առաջին անգամ ցուցադրվել 2019-ին։ Այս ռումբը կարող է կիրառվել Սու-25 գրոհիչներով, որոնց ուղեցուցում ու թիրախացուցում են տալիս «Բայրաքթար» ԱԹՍ-ները։

Այս տեղեկությունը վերատպել են ռուսական մի քանի և հայկական լրատվականներ, այդ թվում՝ Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը, civic.am-ը և auroranews.am-ը։

Արդեն հուլիսի 29-ին «Africa Intelligence» լրատվականը մանրամասներ ներկայացրեց՝ որոշակիորեն հաստատելով թելեգրամյան ալիքի պնդումները։ Ըստ աղբյուրի՝ 2022-ի ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող «Բոյինգ» երկու ինքնաթիռ Սուդանի մայրաքաղաք Խարթումի և Լեհաստանի Ժեշուվ քաղաքի միջև առնվազն 35 թռիչք է իրականացրել։ Նշենք, որ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող Ժեշուվ քաղաքը պատերազմի ընթացքում դարձել է ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինային փոխանցվող սպառազինության մատակարարման խոշոր կենտրոն։

Իսկ թվիթերյան Gerjon էջը, որին որպես աղբյուր հաճախ հղում են անում հեղինակավոր լրատվականները, բացահայտել է, որ Սուդանի հետախուզական ծառայությունների կողմից վերահսկվող «Green Flag Aviation» ավիաուղիները Խարթումի և Բաքվի միջև 12 թռիչք է իրականացրել ապրիլ-մայիսին։

Բաքու-Խարթում և Խարթում-Ժեշուվ չվերթները (աղբյուրը՝ Gerjon, 1, 2)

Բաքու-Խարթում թռիչքները, որոնց իրականացվել են Ադանայում կանգառով, արգելափակված են թռիչքների դիտարկման ամենահայտնի հարթակներում, ինչպիսին է՝ flightradar24.com-ը։ Դրանք հասանելի են ADS-B Exchange հարթակում, որից էլ օգտվել է Gerjon-ը։ Իսկ flightradar24.com կայքում առկա է Ուկրաինական միջազգային ավիաուղիների 16 չվերթ Խարթում-Ժեշուվ և հակառակ ուղղությամբ՝ ապրիլի 1-19-ի ընթացքում։

Ականանետեր

Հունիսի կեսերին հայկական և ռուսական որոշ աղբյուրներ գրեցին, որ Ուկրաինայի զինուժը կիրառում է ադրբեջանական ականանետեր։ Պնդման առիթն էին Ուկրաինայի պաշտպանության նախարարության «АрміяInform» կայքի հրապարակած հոդվածը և դրանում տեղ գտած լուսանկարները։ Դրանցում երևում են, թե ինչպես են Զապորոժիեի ուղղությամբ ուկրաինացի զինվորները լիցքավորում «20N5» անվանումով 82 մմ տրամաչափի ականանետերը։ Դրա կիրառման տեսանյութ ավելի ուշ հրապարակեց ուկրաինական մեկ այլ ռազմական աղբյուր՝ mil.in.ua կայքը։

աղբյուրը՝ armyinform.com.ua (արխիվացված)

«20N5» ականանետը ստեղծվել է Ադրբեջանի կողմից 2015 թվականին և ունի 4 – 5,4 կմ հեռահարություն։ Ադրբեջանական իշխանությունների հետ փոխկապակցված աղբյուրները, ինչպիսին են՝ haqqin.az-ը և caliber.az-ը, պնդում են, որ Ադրբեջանը երբեք Ուկրաինային այս ականանետից չի վաճառել։ Փոխարենը, դրանք կարող են Ուկրաինային փոխանցված լինել երրորդ երկրների կողմից, որոնք Ադրբեջանից գնել են այդ զինատեսակը։ Եղած տեղեկություններով անհնար է պարզել, թե երբ և ինչ հանգամանքներում են ադրբեջանական ականանանետերը հայտնվել Ուկրաինայում։

Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) սպառազինության մատակարարումների բազայում Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարումների մասին որևէ տեղեկություն չկա։

Այսպիսով, եղած տեղեկություններով՝ Ուկրաինայի զինանոցում առկա են ադրբեջանական արտադրության «20N5» ականանետեր, սակայն, թե ինչպես և երբ են դրանք հայտնվել Ուկրաինայում, մնում է անհայտ։ Ինչ վերաբերում է ավիառումբերին, ապա դրանց հարցը շատ ավելի անորոշ է։ Հրապարակված փաստաթղթերի իսկությունը անհնար է հաստատել, սակայն փաստաթղթերում նշված երթուղով չվերթներ իրոք եղել են։

Մեկնաբանել