Ադրբեջանը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, վիրավորվել է 7 զինծառայող

Ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, հայտնում է Արցախի ՊԲ մամուլի ծառայությունը։

«Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԲ-ից տեղեկացնում է, որ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

***

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել