Վիրավոր զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է. Արցախի առողջապահության նախարար

Արցախում ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորված զինծառայողներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, մեկը ծանր վիճակում է, մնացածի վիճակը միջին և թեթև է գնահատվում: Այդ մասին հայտնել է Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը։

«Գրեթե բոլոր վիրավորումները բեկորային վիրավորումներ են: Այս պահին վիրավորների հետ կապված որևիցե աջակցության կամ դեղորայքի խնդիր չկա»,- նշել է Հայրիյանը:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն հաղորդել էր երկու զոհի և 14 վիրավորի մասին։ Նշվում է, որ օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ բացի տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կիրառելով նաև ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը:

Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել: Ըստ Արցախի ՊԲ-ի հայտարարության՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։ Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Մեկնաբանել