Իրադրությունը շփման գծում հարաբերական կայուն է․ ՊԲ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը։

«Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանունները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան»,- ասված է հաղորդագրությունում։

Պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է նաև, որ օգոստոսի 3-ին վիրավորում ստացած 19 զինծառայողներից 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:

«Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

***

Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել