Եթե Ռուսաստանի խաղաղապահ զորախումբն ու Ադրբեջանը երաշխավորեն Արցախում շփման գծի անձեռնմխելիությունը, Արցախի Պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նման անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել խաղաղապահների մանդատը ու շարունակաբար խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները»,- հայտարարեց նա։
Պատասխանելով Արցախում Հայաստանի զինված ուժերի առկայության ադրբեջանական մեղադրանքներին, Փաշինյանն ասաց՝ պաշտոնապես արձանագրում է, որ Ղարաբաղում Հայաստանի զինծառայող չկա։
«Ընթացիկ էսկալացիայի համար, որպես պատրվակ, Ադրբեջանը կիրառում է Լաչինի միջանցքի այլընտարնքի հարցը»,- մանրամասնեց Փաշինյանը՝ շեշտելով, որ դա ևս եռակողմ համաձայնագրի խախտում է։ Ըստ համաձայնագրի՝ պետք է այլընտարնքային ճանապարհի կառուցման պլանը հաստատվի Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից, որը մինչ այս պահը չի եղել։ Նրա խոսքով՝ Հայաստանը կողմ է եռակողմ պլանին, որը վերաբերելու է այլընտրանքային ճանապարհի կառուցմանը, ռուսական զորախմբի վերատեղաբաշխմանը։ Նիկոլ Փաշինյանը հայտնեց նաև, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ ավտոճանապարհի վերակառուցումը, որը պիտի ենթադրաբար միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։
Ադրբեջանի կողմից էսկալացիան Փաշինյանը բացատրում է նոյեմբերի 9-ի հայտարարության կառուցակարգերի վերացման նպատակով, իսկ Ադրբեջանը խնդիր ունի վերացնել այդ հայտարարությունը, քանի որ, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ արձանագրվել է երեք կարևոր իրողություն՝ Լեռնային Ղարաբաղի միավորի գոյությունը, Ղարաբաղում շփման գծի առկայությունն ու Ղարաբաղի և Հայաստանի միջև Լաչինով կապի առկայությունը։
«Չնայած այս պահին ակտիվ մարտական գործողություններ չկան, իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Հայաստանը կառուցողական բանակցությունների վարման քաղաքականություն է իրականացնում»,- հայտարարեց նա։
Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։
Օգոստոսի 4-ին ժամի 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով: