Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ ապահովել՝ ՀՀ օրենսդրության համաձայն․ Փաշինյան

Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում ընձեռած հնարավորությունից։ Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 4-ի նիստում այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Ադրբեջանը, Փաշինյանի խոսքով, կարող է մի քանի կետերով երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան։

«Ադրբեջանի ամենաարևմտյան շրջանը Ղազախի շրջանն է, մենք պատրաստ ենք, թող Ղազախով գան, հատեն, գնան Նախիջևան ու մենք երաշխավորում ենք երթևեկության անվտանգությունը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Բայց միայն Ղազախով չէ, Ղազախ-Բերդ, Վարդենիսի հատվածում էլ կարող ենք դա ապահովել, դա կարող ենք ապահովել Սիսիանի հատվածում, Երասխի հատվածում։ Ադրբեջանը այս ընթացքում չի օգտվել, չի էլ փորձել օգտվել, չկա դեպք, որ իրենք գան ու ասեն, որ ուզում են հատեն և մենք խոչընդոտենք, բայց էլի եմ ասում, դա պիտի լինի ՀՀ օրնսդրությամբ սահմանված կարգով»,- հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ազատ տեղաշարժը չի կարող լինել ՀՀ օրենսդրության շրջանցմամբ։

Մեկնաբանել