Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին

Օգոստոսի 4-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Միրզոյանը դեսպանների ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին: Նախարարը նշել է, որ ադրբեջանական զինված ուժերը, հերթական անգամ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ագրեսիա են ձեռնարկել ռուսական խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտում, ինչի հետևանքով պաշտպանության բանակի տասնինը զինծառայող վիրավորվել է, երկուսը՝ զոհվել:

«ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է, որ ադրբեջանական կողմը պաշտոնապես և անթաքույց կերպով ստանձնել է ագրեսիայի պատասխանատվությունը, ինչի վառ ապացույցն են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և արտաքին գործերի նախարարության հայտարարությունները, ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի կողմից արձանագրված խախտումները»,- տեղեկացնում են նախարարությունից։

ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային նախորդել է Լաչինի միջանցքի երթուղու փոփոխության պահանջը, «ինչը հանդիսանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում, քանի որ հայտարարության 6-րդ կետը հստակ սահմանում է, որ կողմերի (այսինքն՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի) համաձայնեցմամբ առաջիկա երեք տարվա ընթացքում պետք է որոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը, մինչդեռ եռակողմ ձևաչափով հաստատված նման պլան չկա»։

Արարատ Միրզոյանը ընդգծել է, որ հայկական կողմի՝ տարածաշրջանում կայունության և խաղաղության հասնելու ուղղությամբ իրականացվող ջանքերին Ադրբեջանի իշխանությունները պատասխանում են ագրեսիվ հայտարարություններով, ուժի կիրառման սպառնալիքներով։ Նա անընդունելի է համարել ադրբեջանական կողմի՝ Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելու շարունակական քաղաքականությունը:

ԱԳ նախարարն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած և դեռևս չլուծված հումանիտար խնդիրներին՝ շեշտելով, որ ադրբեջանական կողմը միջազգային հումանիտար իրավունքի դրույթների խախտմամբ շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:

«Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից լիազորված միակ միջազգային ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո: Ընդգծվել է նաև, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու հայկական կողմի օրակարգին աջակցելու համար անհրաժեշտ է միջազգային հանրության համակարգված և միահամուռ օժանդակությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Օգոստոսի 4-ին ժամի 09:00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել