Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ

Կրեմլը մտահոգված է Ղարաբաղում իրավիճակի սրմամբ, հետևում է դրա զարգացմանը և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իսկապես, մենք շատ ուշադիր հետևում ենք, բնականաբար, մտահոգված ենք իրավիճակի սրման կապակցությամբ։ Կողմերին զսպվածության կոչ ենք անում, ամենակարևորը ՝ կատարել հայտնի եռակողմ փաստաթղթերի բոլոր դրույթները», – ասել է Պեսկովը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ «վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր», Ռուսաստանի նախագահի խոսնակը նշել է․ «Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Միևնույն ժամանակ, տարբեր մակարդակներում սերտ շփումները, որոնք մենք ունենք հայկական կողմի հետ, մեզ թույլ կտան պարզաբանել այն հարցերը, որոնք առկա են»։

***

Oգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Այսօր՝ օգոստոսի 4-ին, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել