Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարությունը․ ԼՂ խնդրի կարգավորումից մինչև օրենքի գերակայություն

Մայիսի 4-ին ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հաստատել է Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի նոր ռազմավարության տեքստը: Մի քանի մասերից բաղկացած ռազմավարությունը սահմանում է Հայաստանում ԱՄՆ-ի հիմնական շահերը և դրան հասնելուն միտված քայլերը: Այս փաստաթուղթը հայաստանյան լրատվամիջոցների ուշադրությանը մինչ այժմ չի արժանացել։ (Integrated Country Strategy, Armenia):

Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդում

Ռազմավարությունը Հայաստանում ԱՄՆ-ի հիմնական նպատակ է հռչակում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը: Պետքարտուղարությունը նշում է, որ 2018-ի «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանը ցուցաբերել է նվիրվածություն ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարի գործում քայլեր ձեռնարկելու հարցում և առաջընթաց է արձանագրել այդ խնդիրներում: Ռազմավարությունում նշվում է, որ ԱՄՆ-ը շարունակելու է աշխատել Հայաստանի կառավարության հետ այս ոլորտներում ավելի մեծ հաջողություններ արձանագրելու նպատակով՝ հենվելով 2021-ի հունիսին կայացած հիմնականում հաջող խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքների վրա:

Պետքարտուղարությունը գտնում է, որ չնայած ձեռք բերված հաջողություններին, կան նաև խնդիրներ, առաջին հերթին որոշ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հարցում: Ռազմավարությունը արձանագրում է, որ Հայաստանը ենթարկվում է ապատեղեկատվության արշավների ազդեցությանը, որոնց նպատակը Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է, և շեշտում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին այդ արշավներին դիմակայելու գործում:

Առևտրի, ներդրումների, էներգետիկ գործակցության ամրապնդում

Պետքարտուղարությունը Հայաստանում ԱՄՆ-ի հաջորդ նպատակ է հռչակում առևտրի, ներդրումների ոլորտում համագործակցության խորացումն ու էներգետիկ գործակցության ամրապնդումը: Նշվում է, որ ԱՄՆ-ի աջակցությունն առաջին հերթին կենտրոնացած է զբոսաշրջության, գյուղատնտեսության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Առանձնահատուկ շեշտվում է ջրային և էներգետիկ ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությունը: Ռազմավարությունը նշում է, որ Հայաստանում էլէկտրաէներգիայի արտադրության մոտ 70 տոկոսը կախված է Ռուսաստանից, և Հայաստանի կառավարությունը աշխատում է ԱՄՆ-ի հետ էներգետիկ ոլորտում ինքնաբավության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:

Տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղության հաստատում

Առանձին բաժին է նվիրված գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին: Այստեղ ասվում է, որ 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ինտենսիվ մարտերը սրել են տարածաշրջանային լարվածությունը և վտանգել Հայաստանի ժողովրդավարական զարգացման ընթացքը: Նշվում է, որ հետպատերազմյան շրջանը նոր մարտահրավերներ է ստեղծել տարածաշրջանում, որոնց թվում է Հայաստանում Ռուսաստանի ընդլայնված ներկայությունը: Միևնույն ժամանակ շեշտվում է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանը նաև նոր հնարավորություններ է ստեղծել ԱՄՆ-ի համար՝ առաջ մղելու ամերիկյան ազդեցությունը և քայլեր ձեռնարկելու տարածաշրջանում երկարաժամկետ, կայուն խաղաղության հասնելու համար, ինչը կնպաստի նաև տնտեսական բարեկեցության աճին: Ռազմավարությունում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործընթացը կարող է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, երկարաժամկետ կարգավորմանը: Նշվում է, որ ԱՄՆ-ը համագործակցելու է Հայաստանի հետ պաշտպանական բարեփոխումների, արհեստավարժ ռազմական կրթության, խաղաղապահության և ռազմական բժշկության ոլորտներում:

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը շեշտում է, որ Հայաստանը շարունակում է առաջընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բխող կամ հակամարտությանը վերաբերող մնացած հարցերի խաղաղ և երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: Հայաստանը աջակցում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցությանը և առաջ է մղում տարածաշրջանում հաշտեցման և հարաբերությունների նորմալացման գործընթացը:

Անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության զարգացում

ԱՄՆ-ը կարևոր նպատակ է հռչակում նաև Հայաստանում անկախ մեդիայի և քաղաքացիական հասարակության զարգացումը, որոնք կարող են արդյունավետ պայքար մղել ապատեղեկատվական այն արշավների դեմ, որոնց նպատակը Հայաստանի ինքնիշխանության թուլացումն է: Ռազմավարությունում ուղղակի նշվում է, որ Հայաստանի ֆիզիկական անվտանգության հանդեպ առկա սպառնալիքները կարող են Հայաստանին այլ ելք չթողնել, քան ավելի մեծ ծավալով ենթարկվել Ռուսաստանի ազդեցությանը, ինչը կհարվածի Հայաստանի ինքնիշխանությանը և երկիրը կենթարկի բացասական ազեդցությունների: Պետքարտուղարության տեսակետի համաձայն՝ բացասական այդ ազդեցությունները կարող են վտանգել Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումները և քաղաքական կայունությունը:

Հարևանների հետ խաղաղության հաստատում

Տարածաշրջանային անվտանգության առումով ԱՄՆ-ը հիմնական նպատակ է հռչակում նաև Հայաստանի առավել անվտանգ և հարևանների հետ խաղաղություն հաստատելը: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում ԱՄՆ-ի ներգրավման հիմնական գործիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Շեշտվում է նաև, որ մարդասիրական խնդիրների լուծման գործում հետագա առաջընթացը ամենայն հավանականությամբ անհրաժեշտ է խաղաղության պայմանագրի և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին քննարկումներ սկսելու համար: Նշվում է, որ տարածաշրջանային այլ ազդեցիկ խաղացողները կարող են շահագրգռված լինել անկայուն ստատուս քվոյի պահպանմամբ:

Անվտանգային կառույցներին աջակցության առումով ռազմավարությունը նշում է, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հարաբերական մենաշնորհը անվտանգային կառույցներին ցուցաբերվող աջակցության հարցերում մարտահրավերներ է ստեղծում ԱՄՆ-ի համար անվտանգային ոլորտում գործունեություն ծավալելու առումով: Նշվում է, որ հայ-իրանական սահմանը կարևոր կետ է Իրանի անօրինական գործունեության համար, սակայն սահմանային անցակետերի և Հայաստանի հարավային սահմանի երկայնքով անվտագային իրավիճակի նկատմամբ ռուսական վերահսկողությունը սահմանափակում է այս հարցերում ԱՄՆ – Հայաստան համագործակցությունը: Ռազմավարությունը շեշտում է, որ բանկային և ներդրումային ոլորտում վերահսկողության պակասը Հայաստանը կանգնեցնում է ռուսական և իրանական ապօրինի ֆինանսական գործունեության խողովակ դառնալու ռիսկի առջև:

***

Ամփոփելով՝ ԱՄՆ-ի՝ Հայաստանի վերաբերյալ ռազմավարությունը ԱՄՆ-ի հիմնական նպատակ է հռչակում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին օժանդակելը և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն աջակցելը: Իր հերթին, այս քայլերը, ըստ ամերիկացիների, կնպաստեն Ռուսաստանից Հայաստանի կախվածության թուլացմանը, որը ևս ԱՄՆ-ի հիմնական նպատակներից է:

Արցախի խնդրում որևէ հղում չկա 2007-ին բանակցությունների սեղանին գտնվող կարգավորման երեք սկզբունքների և վեց տարրերին: Հստակ ներկայացված չեն ԱՄՆ-ի պատկերացումները կարգավորման հետագա ընթացքի մասին: Միևնույն ժամանակ, անուղղակիորեն նշվում է, որ Ռուսաստանը շահագրգռված է 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ձևավորված ստատուս քվոյի պահպանման հարցում, ինչը չի բխում ԱՄՆ-ի շահերից:

Մեկնաբանել