Սյունիք․ Հարժիսի ճանապարհը կվերանորոգվի

Սյունիքի Հարժիս բնակավայրի ճանապարհը վերջին անգամ ասֆալտապատվել է խորհրդային տարիներին: Այդ ժամանակներից ի վեր` շուրջ կես դար, գյուղացիները երթևեկել են անբարեկարգ, քանդված ճանապարհներով։ Հունիսի 20-ին ՍիվիլՆեթն անդրադարձել էր գյուղի անմխիթար ճանապարհներին, լսել հարժիսեցիների մտահոգությունները:

Հուլիսին Սյունիք այցի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանդիպել է Տաթև համայնքի ղեկավար Սամվել Լալայանին: Օրակարգում եղել է նաև Տաթև համայնքի մեջ մտնող Հարժիս գյուղի ճանապարհի բարեկարգման հարցը:

Ըստ Տաթև համայնքի ղեկավարի խոսնակի՝ նախարարը խոստացել է, որ 2023-ին կասֆալտապատվի Հարժիսի ավտոճանապարհը։

Օրեր անց այս մասին տեղեկացրեց նաև պատգամավոր Արմեն Խաչատրյանը` գրառում անելով Ֆեյսբուքի իր էջում։ Ըստ պատգամավորի գրառման՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է մի շարք ճանապարհահատվածների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ Ասֆալտապատվող ճանապարհների ցանկում են Վերիշեն-Խոզնավար, Հարժիսի 8 կմ ավտոճանապարհի հահատվածները։ Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ մրցույթների կայացումից անմիջապես հետո կսկսվեն նշված բնակավայրերի ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները, որոնք ավարտին կհասցվեն մինչև տարեվերջ։

Հարժիսի վարչական ղեկավար Մհեր Թարխանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ ճանապարհը երկու անգամ միայն փոսալցվել է` 1999 և 2008 թվականներին, ներկայում փոսալցման աշխատանքներ են իրականացնում իրենց ջանքերով։ Դրանից զատ՝ ինքն ու համագյուղացիներն այլ աշխատանքների ականատես չեն եղել` չնայած անընդհատ դիմել են պատկան մարմիններին` խնդրելով ասֆալտապատել ճանապարհը:

Հարժիսեցիների խոսքով՝ այս ճանապարհով անգամ շտապ օգնության մեքենաներն են հրաժարվում երթևեկել: Ծանր հիվանդներին տեղափոխելը մեծ խնդիր է, անընդմեջ փոսերն ավելի են վատացնում մարդու վիճակը, իսկ միջին ծանրության հիվանդների դեպքում շտապ օգնությունը հրաժարվում է գյուղ մտնել: Տաքսի ծառայությունների վարորդները ևս հրաժարվում են ուղևոր բերել-տանել, քանի որ մեքենաները շարքից դուրս են գալիս: Տեղացիները վստահ են, եթե իրենց գյուղի ճանապարհը բարեկարգվի, Հարժիսն էլ նույնքան հայտնի ու տեսարժան զբոսաշրջային վայր կդառնա, որքան Տաթևը: Այստեղ է գտնվում «Սոճիների պուրակը», որը քչերին է հայտնի: Այս ճանապարհով են գնում Տաթևի վանական համալիր: Եթե ճանապարհը ասֆալտապատվի, վարորդները սիրով զբոսաշրջիկներին կբերեն Հարժիս, աստիճանաբար կզարգանա տուրիզմը, կլուծվի նաև սոցիալական կարևոր հարց` բերքի իրացումը:

Մեկնաբանել