Սիրիայի չերքեզները ցանկանում են վերադառնալ պատմական հայրենիք

Հայերը Սիրիայում ապրող փոքրամասնություններից միակը չեն, որ հեռանալով այդ երկրից՝ ապաստան են փնտրում պատմական հայրենիքում: Չերքեզներն ու աբխազները նույնպես լքում են Սիրիան, չնայած համեմամատաբար փոքր զանգվածներով: Սկսած նախորդ տարվանից, Սիրիայի չերքեզները, որոնց թիվը 55-100 հազարի սահմաններում է, երեք անգամ դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը և/կամ հյուսիսկովկասյան երեք հանրապետությունների՝ Ադիղեայի, Կաբարդինո-Բալկարիայի և Կարաչաևո-Չերքեսիայի իշխանություններին՝ խնդրելով իրենց հնարավորություն տալ վերաբնակվել Հյուսիսային Կովկասում, որը նրանք համարում են իրենց պատմական հայրենիքը:

Ադիղեայի Հանրապետության խորհրդարանը դեկտեմբերին դիմել էր նախագահ Դմիտրի Մեդվեդևին և Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատներին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել Սիրիայի այն չերքեզներին, որոնք ցանկանում են մշտապես հաստատվել Ռուսաստանում: Երեք հանրապետություններում գործող խասերը` չերքեզական ավանդական քաղաքական կազմակերպությունները, որոնք պաշտպանում են ազգային շահերը, հետևեցին Սիրիայի չերքեզների օրինակին` դիմելով Մոսկվայի աջակցությանը: Ներկայում, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը շարունակում են Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադին պաշտպանել միջազգային ճնշումներից, Հյուսիսային Կովկաս ժամանող սակավաթիվ չերքեզ ընտանիքներին աջակցելու խնդիրը հիմնականում մնում է տեղական առաջնորդների ուսերին:

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, մարտին փաստահավաք պատվիրակություն գործուղեց Սիրիա, որի կազմում էին վերոնշյալ երեք հանրապետությունները ներկայացնող սենատորներ: Պատվիրակության զեկույցի համաձայն` շուրջ 200 չերքեզ ընտանիք ցանկություն էր հայտնել հեռանալ Սիրիայից: Չերքեզական միջազգային ասոցիացիայի նախագահ Քանշուբի Աժախովն էլ հայտարարեց, որ հեռանալ ցանկացողների մեծամասնությունը երիտասարդներ են, իսկ տարեց մարդիկ ձգտում են մնալ` դրանով իսկ իրենց աջակցությունը հայտնելով Սիրիայի ղեկավարությանը:

Մայիսի վերջին Ռուսաստանի Հանրային պալատը Սիրիայի չերքեզների դրության վերաբերյալ լսումներ անցկացրեց: Պալատի անդամները քննարկեցին խնդրի կարգավորման բազում տարբերակներ, այդ թվում՝ չերքեզների հայրենադարձության գործընթացը արագացնելու համար «ճանապարհային քարտեզ» գծելու, ինչպես նաև Ռուսաստանի օրենսդրության մեջ համապատասպան փոփոխություններ իրականացնելու հարցերը, որոնք կհեշտացնեին Ռուսաստան մուտք գործելու և այնտեղ բնակություն հաստատելու հնարավորությունները:

Հանրային պալատն իր հերթին պատվիրակություն ուղարկեց Սիրիա՝ տեղում գնահատելու ստեղծված իրավիճակը: Պատվիրակությունը եզրահանգեց, որ Սիրիայի չերքեզ փոքրամասնությանը անմիջական վտանգ չի սպառնում, չնայած Հոմսի մոտ չերքեզական գյուղերում ավերածություններին և չերքեզների սպանության որոշ դեպքերին: Այդուհանդերձ, հիմք ընդունելով պատվիրակության ներկայացրած տեղեկատվությունը՝ հուլիսի սկզբին Հանրային պալատը նախագահ Պուտինին և արտգործնախարար Լավրովին հստակ առաջարկներ ուղղեց, այդ թվում՝ Սիրիայի քաղաքացիներին մուտքի արտոնագրի համար սահմանված վճարից ազատելու առաջարկը:

Չերքեզ ընտանիքները, որոնք ցանկանում են լքել Սիրիան և հաստատվել Ռուսաստանում, մեծ խոչընդոտների են հանդիպում ելքի արտոնագիր ստանալիս, հատկապես մինչև 40 տարեկան տղամարդիկ, որոնց արգելված է լքել երկիրը: Սիրիայի իշխանություններին Մոսկվայի աջակցության պայմաններում, չերքեզներին փախստականի կարգավիճակ շնորհելու մասին որևէ պաշտոնական որոշում հավանաբար չի ընդունվի: Սա նշանակում է, որ հենց նրանք ժամանեն Ռուսաստան, ժամանակավոր բնակություն հաստատելու իրավական խնդիրներ կունենան:

Ռուսաստանի օրենսդրությունը, մասնավորապես՝ հայրենադարձությանը վերաբերող օրենքը, թույլ է տալիս վերաբնակվել Ռուսաստանի այն շրջաններում, որտեղ աշխատուժի պակաս կա: Չերքեզների հայրենիքը համարվող Ադիղեան չի համարվում աշխատուժի պակաս ունեցող տարածք: Այդ օրենքը սկզբնապես մշակվել էր, որպեսզի հնարավորություն տա ԱՊՀ երկրներում բնակվող նախկին խորհրդային քաղաքացի էթնիկ ռուսներին բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում: Պետական դուման նախատեսում է օրենքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ լսումներ անցկացնել աշնանային նստաշրջանի ընթացքում:

Մինչ օրս, Սիրիայից 400 չերքեզ է ժամանել Ռուսաստան, որոնցից 120-ը բնակություն է հաստատել Ադիղեայում: Շուրջ 300 չերքեզ էլ հաստատվել է Կաբարդինո-Բալկարիայում, որի կառավարությունը նրանց ապաստան է տվել հանգստյան տներում և տրամադրում է անվճար բուժօգնություն, ինչպես նաև խորհրդատվություն, թե բնակության և աշխատանքի իրավունք ստանալու համար ինչպես գլուխ հանել առկա բյուրոկրատական քաշքշուկներից և հաշվառվել հարկային մարմիններում: Տեղի գործարարները չերքեզ գաղթականներին անվճար սնունդ են տրամադրում:

Կարաչևո-Չերքեսիայից Դաշնային խորհրդի անդամ Վյաչեսլավ Դերևը, որը մարտին Դամասկոս մեկնած պատվիրակության անդամներից էր, վերադառնալուն պես լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի կառավարությունը պետք է գլխավոր դերը ստանձնի Սիրիայից չերքեզների հեռանալու հարցում, և որ կառավարությունը պատրաստ է դա անել: Այդ հայտարարությունից ամիսներ են անցել, և թվում է՝ նրա լավատեսությունն անհիմն էր: Ադիղեայի Խասի ներկայացուցիչ Ռաշիդ Մուգուն հայտարարեց, որ Մոսկվան պարզապես սպասում է` տեսնելու, թե իրադարձություններն ինչպես կզարգանան Սիրիայում և արդյոք Ասադի իշխանությունը կկարողանա գոյատևել, թե ոչ: Այս իսկ պատճառով, ըստ նրա, Մոսկվան չի ցանկանում որևէ պաշտոնական որոշում կայացնել:

Այս ամենի մեջ տարօրինակն այն է, որ Ռուսաստանի իշխանությունները կարծես չեն գիտակցում, որ ստեղծված իրավիճակը եզակի հնարավորություն է հակադարձելու Վրաստանի իշխանությունների եռանդուն ջանքերին, որոնք Մոսկվային խայթելու և չերքեզների համակրանքը ստանալու համար1864թ. Ցարական Ռուսաստանի ուժերի կողմից չերքեզների զանգվածային սպանությունները պաշտոնապես ճանաչել են որպես ցեղասպանություն:

Լիզ Ֆուլլեր, Կովկասի հարցերով փորձագետ

Մեկնաբանել