Ռուսաստանը Հայաստանից ԼՂ հարցով կոնկրետ առաջարկներ չի ստացել. Լավրովը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի ֆոնին Ռուսաստանը խաղաղապահ առաքելության վերաբերյալ Հայաստանից կոնկրետ առաջարկներ դեռ չի տեսել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող գուշակել»,- ասել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Լավրովը նշել է, որ եռակողմ պայմանավորվածությունների կողմերից յուրաքանչյուրը «իրավասու է լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել»։ «Առայժմ մենք դրանք չենք տեսել»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 4-ի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Արցախում «վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»։

***

Oգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ երկու զինծառայող, ևս 19 զինծառայող ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ։

Ադրբեջանական ստորաբաժանումները սադրանքի էին դիմել նաև օգոստոսի 1-ին՝ Արցախի հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում։ Ադրբեջանական կողմը շփման գիծը հատելու փորձեր էր կատարել, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանել