Հայաստանի և Արցախի ՊՆ-ները հերքում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու լուրերը

Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, թե հայկական կողմերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմն է պարբերաբար խախտում հրադադարի պահպանման ռեժիմը: Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- ասված է ՊԲ հաղորդագրությունում։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ևս նշում է, որ Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին նույնպես հարաբերականորեն կայուն է։

Մեկնաբանել