Ուր է հասել Սևանի ափերի ջրածածկ տարածքների և շինությունների մաքրումը

սևանի ափամերձ տարածքներ

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Վերջին տարիներին Սևանա լճի «ծաղկման» պատճառների շարքում են կեղտաջրերի ոչ պատշաճ մաքրումը և ափամերձ տարածքներում լճի մակարդակի բարձրացման հետևանքով անտառային և այլ բուսական զանգվածի ջրի տակ անցնելը։ Սրանք նպաստում են լճում բացասական կենսաբանական գործընթացներին, որը բերում է լճի ճահճացման։

#CivilNetCheck-ն արդեն անդրադարձել է հարակից բնակավայրերից Սևան թափվող կեղտաջրերի կեսնաբանական մաքրմանը, որը, չնայած կառավարության խոստումներին, դեռ չի իրականանում։

Կառավարությունը 2020-ի մարտին հայտարարել էր, որ Սևանի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, որով 2019-2021 թվականների ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հա։

Ջրածածկ տարածքների մաքրումը, սակայն, դանդաղում է։ Նախորդ երեք տարիներին նախատեսվածի միայն չնչին մասն է իրականացվել։

Աշխատանքը պատշաճ չի արվել, պայմանագիրը խզվել է

2019, 2020 և 2021 թթ․ պետական բյուջեների հաշվետվությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կառավարությունն այդ երեք տարիների ընթացքում Սևանի ջրածածկ անտառտնկարանների մաքրման համար հատկացրել է 533,5 մլն դրամ, բայց ծախսվել է միայն 175 մլն դրամը։ Մաքրվել է ընդամենը 97 հա կամ նախատեսվածի ընդամենը 13 տոկոսը։

Շրջակա միջավայրի նախարարությունը 2019-ի սեպտեմբերին «Հարությունյան Շին» ՍՊԸ-ի հետո պայմանագիր էր կնքել՝ 2019-2021 թթ. Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների կատարելու համար։ Միայն 2020-ին նախատեսված էր մաքրել 271 հա տարածք, սակայն մաքրվել է ընդամենը 45 հա։

2020-ի նոյեմբերին նախարարությունը միակողմանի մասնակի լուծել է պայմանագիրը՝ պատճառաբանելով, որ կապալառուի կողմից կատարված աշխատանքը չի համապատասխանում նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջներին, նախագծին և ծավալաթերթին: Հաշվի առնելով ռիսկերը՝ նախարարությունը դիմել է դատախազություն նյութերի ուսումնասիրման և իրավական գնահատականի համար։

Իր հերթին ընկերությունը 2020-ի դեկտեմբերին նախարարության դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ գումար բռնագանձելու պահանջով։

Նոր տեխնիկա է գնվել

2021-ին ՇՄ նախարարությունը պետական բյուջեի հաշվին երեք տեխնիկա է ձեռք բերել, որոնցով «Սևան» ազգային պարկի կողմից այժմ մաքրվում են Սևանի անտառածածկ ափերը։ Եվս մեկ տեխնիկա ձեռք է բերվել «EU4Sevan» ծրագրի շրջանակում։

Ընդհանուր առմամբ 132 մլն դրամով Շրջակա միջավայրի նախարարությունը ձեռք է բերել բելառուսական արտադրության «Б10М2Б 0121-2В4» բուլդոզերային թրթուրավոր տրակտոր՝ ջրում և ճահճում մինչև 1 մ խորությամբ աշխատելու համար, «МАЗ 5550С3-580-000» բեռնատար մեքենա և չինական արտադրության «PowerPlus PBL480R» բեռնաբարձող և բեռնաթափող էքսկավատոր։ Նախարարությունն այս տեխնիկաները ստացել է 2021-ի հոկտեմբերին և դեկտեմբերին։ Առաջինը գնվել է «Երվադա» ՍՊԸ-ից, իսկ մյուս երկուսը՝ «Գալոպեր» ՍՊԸ-ից։ «Գալոպեր»-ի բաժնետերերն են նախկին ՀՅԴ-ական պատգամավոր Կարեն Շախմուրադյանը, նրա եղբայրը և մայրը։

Իսկ «EU4Sevan» ծրագրի շրջանակում՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, նախարարությունը փետրվարին ձեռք է բերել չինական արտադրության «Lonking CDM856» անիվավոր բեռնիչ։

Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է, որ «Սևան» ազգային պարկը մեքենա-սարքավորումների միջոցով Սևանի ջրածածկ և ջրածածկման ենթակա 89 հա տարածք պետք է մաքրի Վարդենիկ, Ծովինար և Երանոս տեղամասերում։

Ապօրինի շինությունների հերթը կգա

Սևանի ափամերձ տարածքներում ապօրինի շենք-շինությունների հարցը առկախված է։ Դեռ 2010-ին Կադաստրի կոմիտեի գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների ընթացքում Սևանա լճի ափամերձ, մինչև 1905 մ նիշն ընկած տարածքներում հաշվառվել էր ապամոնտաժման ենթակա 4729 շենք-շինություն, որից շուրջ 900-ը ապամոնտաժվել է նախորդ տարիներին: Այսինքն ապամոնտաժման ենթակա է 3800 շենք-շինություն։

Շրջակա միջավայրի նախարարությունից #CivilNetCheck-ին հայտնում են, որ 2020-ի փետրվարին ստեղծված աշխատանքային խումբը Սևանի մինչև 1901,5 մետր նիշն ընկած ափամերձ տարածքներում գույքագրել է 1697 ապամոնտաժման ենթակա շենք-շինություն։ Կատարվել է ապամոնտաժման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի՝ խոշորացված գներով հաշվարկ, որը ներկայացվել է վարչապեստի աշխատակազմ:

Գագիկ Ծառուկյանի և Ռուբեն Հայրապետյանի ամառանոցները Սևանի ափին (լուսանկարը՝ Fip.am-ի)

#CivilNetCheck-ին նախարարությունից հայտնել են, որ 2019, 2020 և 2021 թվականների ընթացքում «Սևան» ազգային պարկի միջոցներով ապամոնտաժվել է ընդամենը շուրջ 30 շենք-շինություն: Ըստ Շրջակա միջավայրի նախկին նախարարի, այժմ Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի քանի որ պարկը չուներ հատուկ տեխնիկա, քանդվել են միայն կցակառույց և թեթև կոնստրուկցիաներով շենք-շինություններ։

Ըստ Պետրոսյանի մեքենա-սարքավորումները ձեռք են բերվել ինչպես մաքրումների, այնպես էլ քանդումների համար։ «Ես վստահ եմ, որ իմ գործընկերը, գործող նախարար պարոն Սիմիդյանը, այդ քաղաքական գիծը, բնականաբար, շարունակելու է։ Զուտ ֆիզիկական և ժամանակային առումով է, պետք է փոքր ինչ համբերել»,- ասել է Պետրոսյանը։ Նա ավելացրել է, որ վստահ է, որ խոշոր ապօրինի կառույցները կքանդվեն։ «Տեխնիկան արդեն կա, ժամանակի մեջ, քաղաքական կամքը կա, ես չեմ կասկածում»,- եզրափակել է Պետրոսյանը։

Մեկնաբանել