Եղե՞լ է արդյոք Բերձորը ավելի շուտ հանձնելու պայմանավորվածություն․ հարցեր Հայաստանի կառավարությանը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ասել է, որ «հայկական կողմը Լաչինի միջանցքի վերաբերյալ իր ստանձնած պարտավարությունները հանգիստ կատարում էր` նախ, պլանի հաստատաման մասով սպասելով դրա քննարկմանն ու հաստատմանը և հետո, ճանապարհի այլընտրանքային հատվածի նախագծմամբ, բնականաբար հիմք ընդունելով եռակողմ հայտարարության ժամկետը»։ Մարուքյանը քննադատում է այն փորձագետներին, որոնք թեզեր էին տարածում, թե Լաչինի միջանցքը (գործող երթուղին) հանձնվելու է եռամյա ժամկետից շուտ։

Չեմ ուզում անդրադառնալ շատ թեզերի, որովհետև իսկապես մեր օրերում մանիպուլյացիաները շատ են։ Այն, ինչ գրված է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրում, հրապարակային է, հայտնի է բոլորին։ Դրա հետ կապված հարց չունեմ։

Սակայն հարցեր կան նոյեմբերի 9-ի փաստաթղթից դուրս հնարավոր պայմանավորվածությունների մասին։

Նախ, Հայաստանի կառավարությունն այդպես էլ հստակ չի ասել, թե արդյոք կա՞ն բանավոր կամ գրավոր պայմանավորվածություններ նոյեմբերի 9-ի փաստաթղթից բացի։ Նաև՝ կա՞ն արդյոք պայմանավորվածություններ նոյեմբերի 9-ից հետո։

Բանավոր պայմանավորվածությունների մասին վարչապետն ինքը հակասական մեկնաբանություններ է տվել (հղումը՝ տեսանյութում

2020-ի պատերազմից անմիջապես հետո և հետագա երկու տարում բանավոր պայմանավորվածությունները կարող էին վերաբերել տարբեր շատ թեմաների։

Այստեղ կոնկրետ հարցեր եմ ուզում ուղղել ՀՀ կառավարությանը․

  • Արդյոք եղե՞լ է եռակողմ (Փաշինյան – Ալիև – Պուտին կամ Փաշինյան – Ալիև – Միշել) կամ երկկողմ (Փաշինյան – Ալիև) պայմանավորվածություն, որ Բերձոր քաղաքը հանձնվելու է եռամյա ժամկետից շուտ։
  • Եթե չի եղել պայմանավորվածություն, ինչո՞ւ է Ադրբեջանն իր տարածքում կառուցել շրջանցիկ մոտ 30 կմ-ոց ճանապարհը, որը պետք է հանձնվի հայերի օգտագործմանը։
  • Եթե Բերձորը շրջանցող ճանապարհի շուրջ համաձայնություն չի եղել, ապա ինչո՞ւ և ի՞նչ պայմանավորվածության հիման վրա է Ադրբեջանը կառուցել ճանապարհը ոչ միայն իր վերահսկողության տակ գտնվող հատվածում, այլև հայկական տարածքում՝ Շուշիի շրջանի Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի հատվածում։
  • Ինչո՞ւ է այդ ճանապարհի կառուցման ավարտը համընկել Ղարաբաղի սահմանագոտում իրավիճակի սրման հետ։ (Միանգամայն վստահ եմ, որ սադրանքները հրահրել է Ադրբեջանը։ Բայց հիմա դա չէ կարևորը)։
  • Ինչո՞ւ Ադրբեջանը Լաչինը պահանջեց անմիջապես ճանապարհի կառուցումից հետո։
  • Հայաստանը հղում է անում նոյեմբերի 9-ի համաձայնագրի եռամյա ժամկետին, որի ընթացքում պետք է ոչ թե ճանապարհը կառուցվեր, այլ ներկայացվեր նոր երթուղու նախագիծը։ Ինչպե՞ս է պատահել, որ եռամյա ժամկետից շուտ Ադրբեջանը ՀՀ սահմանից սկսած ճանապարհ է սկսել կառուցել։
  • Եթե պայմանավորվածություն չի եղել Բերձոր քաղաքն ավելի վաղ (կարդացեք 2022-ի օգոստոսին) հանձնելու մասին, ապա ինչո՞ւ է Հայաստանի կառավարությունը տեղի տալիս Ադրբեջանի պահանջին և հայտարարում, որ Կոռնիձորի հատվածում 8 կմ-ոց ճանապարհը կկառուցի մինչև 2023-ի գարուն։
  • Ճի՞շտ է արդյոք տեղեկությունը, որ Հայաստանը նախքան Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածի կառուցումը կառուցելու է 3 կմ-ոց ճանապարհ, որը Լաչինի գործող միջանցքի սկզբնամասից միանալու է Ադրբեջանի կառուցած 30 կմ-ոց ճանապարհին, որը շրջանցում է Բերձոր քաղաքը։

Այս հարցերը որոշակիորեն պատասխաններ են հուշում ընդհանուր իրավիճակի մասին։ Երբ Հայաստանի կառավարությունը պատասխաններ տա այս հարցերին, փորձագետներն ու մյուսներն ավելի քիչ տեղ կունենան ենթադրությունների ու մանիպուլյացիաների։

Կարդացե՛ք նաև երեկ գրածս սյունակը՝ Ի՞նչ կատարվեց Արցախում․ փորձելով հասկանալ խճանկարը։

Մեկնաբանել