Գնաճը շարունակվում է, զբոսաշրջիկները՝ գալիս. առաջին կիսամյակի տվյալները

Վիճակագրական կոմիտեն օգոստոսի 5-ին հրապարակել է հունվար-հունիս ամիսներին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն արտացոլող ցուցանիշներ։ Ավելի վաղ հրապարակվել էին օպերատիվ տվյալներ, որոնց համաձայն՝ 2022-ի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 11,8%։

Աշխատաշուկա և աշխատավարձեր

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ հունիսին Հայաստանում աշխատողների թիվը կազմել է 689 265, որը շուրջ 33 500-ով ավելի է նախորդ տարվա նույն ամսա համեմատ։ Միջին ամսական անվանական («կեղտոտ») աշխատավարձը կազմել է 235 000 դրամ՝ նախորդ տարվա հունիսի 201 000-ի դիմաց։

Զբաղվածների թիվն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 1,07 մլն մարդ։ Սա նախորդ տարվա համեմատ ավելի է 34 000-ով։ Գործազուրկների թիվը կազմել է 186 400՝ նախորդ տարվա առաջին եռամսյակի 207 500-ի դիմաց։

Գնաճ

Սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա հունվար-հունիսի նկատմամբ աճել է 8,1 տոկոսով։ Իսկ հունիսին 2021-ի դեկտեմբերի նկատմամբ աճել է 6,3 տոկոսով, որը վերջին տասը տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 17,1 տոկոսով, հագուստ և կոշիկը՝ 10,5 տոկոսով, բնակարանային ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ)՝ 6,7 տոկոսով։

Երկնիշ գնաճ է նկատվել հացաբուլկեղենի և ձավարեղենի (19,9%), մսի (11,6%), կաթնամթերքի և ձվի (11%) գներում։ Բանջարեղենի և մրգերի գները աճել են համապատասխանաբար 45,8 և 16,2 տոկոսով։ Ամենափոքր աճը եղել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (8,1%), շաքարի և շաքարավազի (6,9%) և յուղերի և ճարպերի (5,1%) գներում։

Ժողովրդագրություն

Հայաստանի մշտական բնակչությունը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 961 900՝ նախորդ տարվա 2 964 600 մարդու դիմաց։

Առաջին վեց ամիսներին ծնվել է 16 511 և մահացել 14 679 մարդ։ Բնական հավելաճը կազմել է 1 832։ Սա ավելի է ինչպես 2020-ի, այնպես էլ 2021-ի ցուցանիշից։ Էապես նվազել է կորոնավիրուսից մահացածների թիվը։ Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է 687 մահ COVID-ից, իսկ նախորդ տարվա հունվար-հունիսին՝ 2 185։

Սահմանահատումների մեջ ևս էական տարբերություններ կան նախորդ տարվա համեմատ։ Վեց ամսվա կտրվածքով ընդհանուր սահմանահատումների դրական ցուցանիշ է գրանցվել՝ +16 486, նախորդ տարվա -52 737-ի դիմաց։ ՀՀ փաստաթղթերով սահամանահատումների հաշվեկշիռը կազմել է -39 833, նախորդ տարվա -94 338-ի դիմաց։

Զբոսաշրջություն

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 2,4 անգամ։ Այս տարվա հունվար-հունիսին եկել է 588 700 զբոսաշրջիկ, իսկ նախորդ տարի՝ 243 000։ Զբոսաշրջիկների ավելի քան 40 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ավելի քան 250 000 ՌԴ քաղաքացի է եկել Հայաստան՝ նախորդ տարվա 95 000-ի համեմատ։ Իրանից զբոսաշրջնիկների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ կազմելով 48 000։

Մեկնաբանել