Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքում է Լավրովին, նշում՝ փետրվարին գրավոր մտահոգություններ է փոխանցել Մոսկվային

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանն արձագանքել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։

«Տեղեկացնում ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության և հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները, ի թիվս այլ դեպքերի, դեռևս 2021 թվականի փետրվարին գրավոր կերպով փոխանցվել են ՌԴ բարձրագույն ղեկավարությանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հունանյանը։

Այսօր ավելի վաղ Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հինգշաբթի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահներին ուղղված քննադատությանը, ասել է․ «Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության համատեքստում, ես չեմ կարող գուշակել»։

Հինգշաբթի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախում «վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»։

Մեկնաբանել